ԵՊՀ «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրի համար ընդունելությունը սկսվել է
06.07.2023
«Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրի համար ընդունելությունը սկսված է։ Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան իրենց գիտելիքով ներդրում ունենալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը։ Մագիստրոսական ծրագրին կարող են դիմել հումանիտար և հասարակագիտական ոլորտի բակալավրի շրջանավարտները։
«Առաջին պլանում ուսանողն է։ Մեր առաքելությունը ուսանողից լավ մասնագետ ստանալն է և գնում ենք դեպի դա՝ ամեն ինչ մի կողմ թողած,» - ասաց ծրագրի ղեկավար Արման Եղիազարյանը։
Արման Եղիազարյանի խոսքով՝ ծրագրի շրջանավարտները հիմա պրոֆեսիոնալ սփյուռքագետներ են։ Տարիների ընթացքում պատրաստած կադրերը ներկայումս ծրագրի դասախոսների 60 տոկոսն են կազմում։
«Ուսանողները որպես կանոն թե՛ գիտական և թե՛ կրթական առումներով բավականին կայացած են, որտեղ աշխատում են, բարձր գնահատակններ և կարծիքներ ենք ստանում նրանց մասին։ Կարծես թե, առայժմ բավական հաջող պահում ենք այդ նշաձողը, որը դրված է մեր առաջ,» - ասաց Արման Եղիազարյանը։
Ծրագրում դասավանդվում է նաև արևմտահայերեն։ Այս նպատակով տարբեր երկրներից հրավիրում են սփյուռքահայ մասնագետների։
«Ոչ միայն արևմտահայերեն, այլ նաև արևմտահայերենի քերականություն, բառագիտություն, տարբեր, 3-4 առարկա ունենք պարտադիր արևմտահայերենի առումով, որովհետև սփյուռքագետը պետք է լավագույնս իմանա հայերենի հիմնական ճյուղերից մեկը, որով խոսում են մեր հայրենակիցների զգալի հատվածը,» - նշեց նա։
Տարիներ առաջ՝ ուսանող, հիմա՝ դասախոս։ Հայկ Ենգիպարյանը մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներից է, դասավանդում է Հայ եկեղեցին սփյուռքում և Հայաստան-սփյուռք հարաբերությունները արդի փուլում առարկաները։
«Մեր ազգային, այսպես ասած, ներուժը, որ մեծ մասը գտնվում է սփյուռքում, սա ևս կարևոր նշանակություն ունի սփյուռքագետի համար ավելի խորանալու սփյուռքի հետազոտություններում,» - ասաց Հայկ Ենգիբարյանը։
Դասախոսի խոսքով՝ ապագա մասնագետների համար հիմա աշխատանք գտնելու շատ հնարավորություններ կան ոչ միայն Հայաստանում այլ նաև սփյուռքում։
«Դաշտը շատ ավելին է իմ կարծքով, քան ես այն ժամանակ մտածում էի և հենց այս իրողությունն էլ ես փոխանցում եմ իմ ուսանողներին», - ասաց նա։
Ծրագրի ներկայացուցիչները վստահեցնում են՝ մոտիվացիայի մեծ չափաբաժնի և փորձառու մասնագետների պակաս չի զգացվելու։ Առաքելությանը հավատարիմ մնալով՝ այս տարվա ծրագիրը սկսելու են ոլորտի նոր միտումներին համահունչ։