Աստղագիտության ոլորտը մեկ վայրում համախմբել է հայ պատանիներին Հայաստանից և Սփյուռքից
16.08.2023
Դրոնաշինություն, հրթիռաշինություն, տիեզերքի ուսումնասիրություն. այս ոլորտներում գիտելիքներ ձեռք բերելու նպատակով արդեն երրորդ տարին հայրենիքում են համախմբվում սփյուռքահայ պատանիները:
«Ճամբարի հիմնական նպատակը՝ մեր պատանիներին ծանոթացնելն է ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Խոսքը արբանյակաշինության, ընդհանուր տիեզերական տեխնոլոգիաների և տիեզերական տեխնոլոգիաների կամ հենց նույն արբանյակների միջոցով ստացված ինֆորմացիայի հետագա վերլուծության մասին է, որը, կարծում ենք, հետագայում կօգնի մասնագիտական կողմնորոշմանը»,- ասաց նա:
Ճամբարն անցկացվեց օգոստոսի 6-12-ը՝ Դիլիջանում։ Դիմորդների քանակն այս տարի աննախադեպ է եղել: Հայտ ներկայացրած 1029 պատանիներից ընտրվել է 107-ը։ Ճամբարին երկրորդ անգամ մասնակցելու հնարավորություն է ստացել Ջավախքի Դամալա գյուղից հայրենիք ժամանած Մարիամ Սահակյանը:
«Ինքս հետաքրքրված լինելով տիեզերքով, մեծ ցանկություն ունեմ այն բացահայտելու և տիեզերական ճամբարն ինձ այդ հնարավորությունը տալիս է՝ համատեղելով նոր ծանոթությունների հետ և բացահայտելով ինքս՝ ինձ տարբեր ոլորտներում»,- ասաց նա:
14-ամյա ապագա աստղագետ Խաչատուրն էլ Հայաստան է եկել Արաբական Միացյալ Էմիրություններից։
«Դասընթացներին ես հետաքրքրված եմ արբանյակների մասով և պրեզենտացիաներ պատրաստելով»,- ասաց նա։
Ճամբարի երրորդ օրը նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջել է աշխատարաններում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Մասնակիցները նախարարին են ներկայացրել ԱԹՍ-ներով կատարած լուսանկարները, արբանյակներից ստացած օպերատիվ և արխիվային տվյալների մշակումները, վերլուծությունները, եզրակացություններն ու առաջարկությունները։ Մասնակիցների թվում է նաև 15-ամյա Էդվարդը՝ Ռուսաստանի Օմսկ քաղաքից։
«Ես տիեզերական ճամբարից ունեմ շատ լավ տպավորություններ, ամեն ինչ շատ լավ ու հետաքրքիր է անցնում, ինձ շատ են դուր գալիս այստեղի մարդիկ, ջերմությունը, ուրախությունը, որ իրենց մեջ կա, դասընթացները, խաղերը, ոոր կազմակերպվուն են, պարերը և մնացած բոլոր բաները»,- ասաց նա։
Դասախոսություններից և ոլորտային աշխատաժողովներից բացի, ճամբարականների համար անցկացվում են նաև արշավներ, ազգային պարերի ուսուցում, ֆիլմերի դիտում, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ: