×

Ոսկե ձայնը՝ Հայաստանում. օպերային երգիչ Ռուբեն Էլբակյանը ցանկություն ունի համերգ ունենալ հայրենիքում

16.08.2023

Ոսկե ձայն տիտղոսը հենց նրա մասին է. աշխարհահռչակ ֆրանսահայ օպերային երգիչ Ռուբեն Էլբակյանի ձայնը տարիներ շարունակ գրավում է հանդիսատեսին բազմաթիվ երկրներում։ Երգիչը նաև արժանացել է Նապոլոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ կոչմանը։ Առաջիկայում էլ Էլբակյանը ցանկություն ունի բարեգործական համերգներով հանդես գալ Հայաստանում։ Այսպիսի ելույթների համար երգիչը ոսկե մեդիալի է արժանացել։ 

«Հիմա ես շրջագայում եմ իմ «Ավեմարիա» ծրագրով Եվրոպայում և այն շատ բացառիկ ծրագիր է, որովետև ես ներկայացնում եմ մոտ 14 ավեմարիա։ Սովորաբար ունկնդիրը սովոր է լսել Բախ, Գունո, Կաչչինի մաքսիմում, բայց ես տալիս եմ Լյուցի, Կերուբինի, Սենսանս, Ֆորե։ Ես կուզեի նաև այդ ծրագիրը բերել Հայաստան»,-ասաց օպերային երգիչը։ 

Դասական երգչի վերջին համերգը հայրենիքում մոտ մեկուկես տասնամյակ առաջ էր։ Երաժշտական բացառիկ ծրագիրը հասու էր բոլորին։ Ռուբեն Էլբակյանի խնդրանքով՝ տեմսերի 20 տոկոսը վաճառքի էր հանվել մատչելի գնով։ Բարեգործական համերգի ողջ հասույթը նվիրաբերվել էր անապահով ընտանիքների երեխաների համար երաժշտական գործիքներ գնելուն։ 

«Ես անպայման ուզում էի, որ մեր ժողովրդի այն մասը, որ ֆինանսական այն հնարավորությունը չունի, որ կարողանար շատ թանկ տոմսեր գնել, ինձ համար շատ կարևոր էր նրանց ներկայությունը։ Դրա համար ես պարտադրեցի, որ տոմսերի մի մասը մատչելի գումարով վաճառվի և 1200 հոգանոց դահլիճը լեփ լեցուն էր։ Այն ինձ շատ հուզեց, շատ մեծ ընդունելության արժանացա և այն ինձ համար շատ հաճելի հուշ է»,- նշեց սփյուռքահայը։ 

Ֆրանսիայում բնակվելու 25 տարիների ընթացքում Էլբակյանը հասցրել է համերգային ծրագրերով շրջել ոչ միայն Ֆրանսիայի քաղաքներում, այլև եվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Իտալիան, Բելգիան, Անգլիան, Շվեյցարիան։ Հայազգի երգչին է վստահված եղել նաև 5 տարի փարիզյան հաղթակամարի ներքո Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգի կատարումը։

«Առաջին ագամ դեռ տղաս շատ փոքր էր, երբ մենք վերադարձանք տուն, նա հաղթակամարը նկարեց և ինչ-որ խուճուճիկներ նկարեց երկնքում, երբ ասացի սա ինչ է, ասաց՝ քո ձայնն է, որ հասնում էր մինչև երկինք»,- պատմեց Էլբակյանը։ 

Ռուբեն Էլբակյանը ոլորտում առաջիններից էր, ով իր երգարվեստով արձագանքեց 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող անօրինական գործողություններին։ 

«Ամբողջ հանրությանը ուզեցի տեղյակ պահել թե ինչ է կատարվում Հայաստանում, Արցախում և այն շատ մեծ արձագանք գտավ»,- ասաց նա։

Եվրոպական երկրներում առաջիկա շրջագայություններից բացի, օպերային երգիչը,  նաև Հայաստանի հետ կապված մեծ պլաններ ունի։ Սկզբում՝ պետք է բարեգործական համերգներ ունենա, հաջորդ նպատակը՝ ունեցած փորձն ու գիտելիքը հայ երիտասարդներին փոխանցելն է։