×

«Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցելու են եկել 9 երկրից տասնյակ պատանիներ

16.08.2023

«Ամեն ամառ գալիս եմ Հայաստան, որովհետև այստեղ ես ինձ ավելի լավ եմ զգում, զգում եմ հպարտություն ու հասկանում եմ, որ սա է իմ հայրենիքը»,- ասաց նա։

Հայրենիքի հանդեպ սերը մոսկվայաբնակ Անի Սարուխանյանի մոտ դեռ մանկուց է ձևավորվել։ Այս անգամ Հայաստան է այցելել «Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցելու նպատակով։ 

«Ինձ այս ծրագրում դուր է գալիս շփվելը երեխաների հետ, շրջել Հայաստանով ու ավելի լավ ճանաչել այն»,-ասաց նա։

Իսպանիայից Հայաստան ժամանած 15-ամյա Հրանտի ցանկությունն էլ ստացած գիտելիքը Հայաստանում ներդնելն է. որոշել է մասնագիտանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ծրագիրը ոչ միայն առիթ էր հայրենիքն ավելի լավ ճանաչելու, այլև այստեղ բնակվող ընտանիքի անդամներին և ընկերներին տեսնելու համար։ 

«Շատ հետաքրքիր է շրջելը Հայաստանում, տեսարժան վայրերը տեսնելը, լեզուն ուսումնասիրելը, ծանոթանալը նոր մարդկանց հետ»,-ասաց նա։

Ծրագրի մյուս մասնակիցներից իսպանահայ Արմեն Հարությունյանը մեծ ուրախությամբ է ընդունել Հայաստան գալու մասին լուրը։ Պատանին սովորում է տեղի հայկական դպրոցում։ Ծրագրին դիմել է ուսուցիչների խորհրդով՝ չհավատալով անգամ, որ 1000-ավոր դիմորդներից կընտրվի նաև ինքը։ 

«Շատ մարդիկ կան, որոնց չես ճանաչում, կարողանում ես նոր ընկերներ ձեռք բերել ամբողջ Հայաստանից ու ամբողջ աշխարհից»,-ասաց նա։

Ծրագրի ղեկավար Աննա Մհերյանի խոսքով՝ երկշաբաթյա ծրագրին դիմել են շուրջ 25 երկրից։ Մասնակիցներն անցնում են հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, այցելում՝ պատմամշակութային վայրեր, թանգարաններ և կրթական հաստատություններ։ 

«Յուրաքանչյուր տարի ունեցել ենք 400 հոգի, այս տարի աննախադեպ 600֊ն են։ Հայտերը 1200֊ից ավելի են եղել։ Այս պահին արդեն ծրագրին 200֊ից ավելի մասնակից ենք ունեցել»,-ասաց նա։ 

Այս տարի ծրագրի մասնակիցները 9 երկրից են։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ուսումնաճանաչողական ծրագիրը կիրականացվի 6 փուլով։ Վերջին փուլը կավարտվի օգոստոսի 26-ին։