×

Ապագա արաբագետ Մարիա Աշըգյանը նպատակ ունի ավելի խորացնելու Հայաստան-Սիրիա հարաբերությունները

16.08.2023

«Ուզում եմ դեսպան լինել, ինչու ոչ՝ ուզում եմ Սիրիայի դեսպանը լինել, եթե Աստված կամենա»,- ասաց նա:

Ապագա արաբագետ Մարիա Աշըգյանը ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանի ու Սիրիայի հարաբերությունների խորացման հարցում: Դիվանագետ դառնալու մտադրություն ունի: Մանկուց երազել է ֆուտբոլիստի կարիերա ունենալու մասին, բայց ծնողների խորհրդով փոխել է մասնագիտական կողմնորոշումը:

«Մի քանի մասնագետի կարծիքը լսելուց հետո, արաբերենին տիրապետելու պատճառով, որոշեցի, որ մեզ արաբագետներ շատ են պետք Հայաստանում, որովհետև արաբական բազմաթիվ երկրների հետ համագործակցությունը շատ է ներկայում»,- ասաց նա: 

Այսպիսով որոշեց հենց հայրենիքում էլ ստանալ կրթությունը: Քեսաբում ծնված և մեծացած Մարիան, թեև հաճախել է հայկական դպրոց ու սովորել հայերեն, բայց խոստովանում է՝ Հայաստան գալուց հետո լեզվական որոշ խնդիրների բախվել է:

«Հայերենի հետ դժվարությունը շատ է եղել, որովհետև մեզ մոտ այլ ձև ենք խոսում՝ արևմտահայերենի հետ արաբերեն ենք խառնում, այստեղ հակառակը՝ ռուսերեն ու արևելահայերեն, շատ դժվար էր, բայց ժամանակի ընթացքում կարողացա հաղթահարել»,- ասաց նա:

Մարիա Աշըգյանն առաջիկայում փոխանակման կարճաժամկետ ծրագրով կմեկնի Քուվեյթ, գիտելիքները հարստացնելուց հետո կրկին կվերադառնա Հայաստան: Ընտանիքի անդամներին ևս ցանկանում է տեսնել հայրենիքում: