×

17 տարի հայրենիքում. հայրենադարձ ուսանող Նարո Օհանեսյանն ապագա սոցիոլոգ է

16.08.2023

«Ընկերներիցս շատ ժամանակ հավաքվում են մեր տանը, որ համտեսեն մայրիկիս պատրաստած ուտելիքները», ասաց նա:

Հայաստանից 1200 կմ հեռավորության վրա ապրելը չի խանգարել Նարո Օհանեսյանի ընտանիքին պահպանելու հայկական խոհանոցի ավանդույթները և հայերենը: Նարոն 17 տարի առաջ է Իրաքից Հայաստան վերադարձել:  


«Մինչև Հայաստան գալը մենք պարտադիր տանը խոսել ենք արևմահայերեն, իսկ դրսում` մարդկանց հետ շփման համար, արաբերեն։ Բայց հայկականությունը, հայ լինելը ու հայի գիտակցությունը միշտ պահպանվել է մեզ մոտ»,- ասաց նա։ 

Մինչև հիմա հիշողություններում պահել է՝ 5 տարեկան էր, երբ ծնողները որոշեցին, որ Հայաստան պիտի տեղափոխվեն: Հայրենիքում հաստատվելուց հետո Նարո Օհանեսյանի համար լավ մասնագետ դառնալն առաջնային էր: Հիմա ստանում է սոցիալական աշխատողի մասնագիտացում, զուգահեռաբար նաև աշխատում է:

«Ես ինձ այս պահին այստեղից դուրս, անգամ, չեմ պատկերացնում, որովհետև ընկերներ, աշխատանք, կրթություն, ամեն ինչ այստեղ է»,- ասաց նա։

Հայրենադարձ երիտասարդը նաև հայկական երգարվեստի ու պարերի սիրահար է: Երգացանկում Կոմիտասի ստեղծագործություններն են, անելիքների ցուցակում էլ՝ ազգագրական պարերի երեկոներին մասնակցելը:

«Շատ սիրում եմ ու հնարավորության դեպքում փորձում եմ ազգագրական պարերով զբաղվել: Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը իրականացնում են ազգագրական պարեր, ընկերներով պարտադիր հավաքվում, մասնակցում ենք այդ միջոցառմանը»,- ասաց նա։

Նարո Օհանեսյանն ակտիվորեն զվաղվում է նաև կամավորական աշխատանքով: Արդեն երկու տարի է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահն է: