Հայրենադարձ խոհարար Շաղիկը իր ռեստորանն է բացել Երևանում
15.08.2023
Խոհարարության հանդեպ մեծ սեր ու նոր համեր ստեղծելու անսպառ ցանկություն. Հայրենադարձ խոհարար Շաղիկ Տեր-Վարդանյանի մատուցմամբ ուտեստներն արդեն կես տարի է կարելի է համտեսել «Շաղիկ» ռեստորանում։ Հիմա յուրօրինակ բաղադրատոմսերով ուտելիքները ոչ միայն ընտանիքի անդամների, այլև հաճախորդների համար են։
«Շատ դժվար էր սկիզբը, ես շատ էի սթրես տանում, տպավորություն էր, որ իմ տանը հյուրեր են եկել և ամեն մարդ պետք է գոհ մնա»,- ասաց նա։
Մինչև ռեստորանի բացումը, Շաղիկը վերապատրաստվել է Փարիզում: Ուսումնասիրել է տարբեր ազգերի խոհանոցները, սովորել՝ ինչպես պատրաստել ուտեստներ և խառնել համերը: Խոհարարը հմտացել է նաև ռեստորանային բիզնեսի ու սպասարկման ոլորտում։ Այս փորձով կիսվել է իր ռեստորանի խոհարարների հետ։
«Սկսեցի խոհարարների դասընթացները, մի 3-4 ամիս իմ բոլոր բաղադրատոմսերը իրենց սովորեցրի։ Ամեն մեկն իր մասնագիտությունն ուներ, մեկը՝ տաքի վրա էր, մյուսը՝ սառի, մյուսը՝ գրիլի, բայց ես իմ ձևով էի ուզում լիներ»,- ասաց նա։
Շաղիկի խոսքով՝ ուտեստների ընտրությունը բարդ է եղել, ճաշացանկում ներառված են լիբանանյան, սիրիական, արաբական և հունական խոհանոցի ուտեստները: Սփյուռքում տարածված հայակական ուտելիքներն էլ իրենց ուրույն տեղն ունեն։
«Այն ժամանակ երբ ես ռեստորանում եմ միշտ աչքս և մեկ ոտքս խոհանոցում է։ ես շատ ուշադիր եմ պրոդուկտին, որովետև ես այս ռեստորանը բացել եմ, որպեսզի էդ համը հաճախորդին հասցնեմ 100-ը 100-ի։ Շատ կարևոր է ինձ համար որակը պահպանելը և հաճախորդի վստահությունը»,- ասաց նա։
Հայրենադարձ խոհարարը շարունակում է իր հետաքրքիր բաղադրատոմսերով կիսվել ինստագրամյան և յութուբյան էջերում։ Շաղիկին կարելի է հանդիպել նաև Հանրային հեռուստաընկերության առավոտյան ծրագրում։ Խոհարարի առաջիկա պլաններում Երևանում ու մարզերում ռեստորանի մասնաճյուղերի բացումն է։