Մարիաննա Շահպարոնյանն իր ստեղծագործություններով նպատակ ունի ամրացնել Հայաստան-Սփյուռք կապը
15.08.2023
Ստեղծագործելը՝ Հայաստանին և Սփյուռքին կապող կամուրջ. Հայրենադարձ բանաստեղծ Մարիաննա Շահպարոնյանը հայրենիքում ընթերցողների դատին է հանձնել «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն։
«Գրքի առաքելությունն է միավորել հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայությանը ազգային արժեքների շուրջ , և այդ նպատակով նախատեսված են և իրականանում են իմ այցելությունները Հայաստանի մարզկենտրոններ և սփյուռքի հիմնական գաղթօջախներ»,- ասաց բանաստեղծը։
Բանաստեղծի առաջին ստեղծագործությունը գրվել է հենց հայրենի հողում։ Հայաստան հերթական այցելության ժամանակ 5-ամյա աղջնակը, ոգեշնչվելով բնությունից, քառատող է հորինել և արտասանել.
«Սևանա լճի ափին հանգստի ժամանակ զմայվել եմ լճով և սկսել եմ արտասանել մի քառատող, որն ունեցել է հանգ և հնչյուն ու խնդրել եմ մայրիկիս, որ գրի առնի այն»,- նշեց նա։
Շահպարոնյանն ավելի քան 20 տարի ապրել է Ռուսաստանում: Բարձրագույն կրթությունը ստացել՝ Բելգիայում։ 14 տարեկանում հրատարակել է իր առաջին գիրքը՝ ռուսերեն, որը սահմանափակ տպագրությամբ էր։ 2010 թվականին որոշել է՝ կյանքն ու ստեղծագործական գործունեությունը պետք է շարունակի հայրենիքում։
«Հայաստան վերադառնալը իմ և իմ ընտանիքի միասնական երազանքն է եղել։ Մենք ապրել ենք Մոսկվայում, սակայն հոգով և սրտով միշտ եղել ենք հայրենիքի կողքին և ապրել ենք հայրենիքում տիրող իրադարձություններով»,- պատմեց նա։
«Դեպի Հայաստան» ժողովածուի երկու բանաստեղծությունները՝ «Սյունիքը» և «Թալանված երազանքը», թարգմանվել են 7 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և հոլանդերեն։ Նպատակն է օտար ընթերցողներին ևս հասանելի դարձնել հայկական պոեզիան։
Մարիաննա Շահպարոնյանը շարունակում է ակտիվ ստեղծագործական կյանքը՝ զուգահեռաբար աշխատելով 2 գրքի վրա։
«Մեկը իմ վերադարձի պատմությունն է՝ օրագրի տեսքով, մյուսը՝ վեպ է 44 օրյա պատերազմի հետ կապված»,- ասաց նա։
Բանաստեղծն այցելել է նաև Գյումրի և քաղաքի կենտրոնական գրադարանին նվիրաբերել գրքի որոշակի քանակ։ Վերջերս նաև այցելել է Բեռլին և հայ համայնքի հետ հանդիպմանը ներկայացրել իր գիրքը։ Մարիաննա Շահպարոնյանի նպատակն է՝ շրջել Հայաստանի բոլոր մարզերով և անձամբ ներկայացնել ստեղծագործությունները հայրենակիցներին։ Առաջիկայում հրավերներով լինելու է նաև Կիպրոսում և Իտալիայում։