×

Տարբեր երկրներից երիտասարդներ Հայաստանում էին՝ մշակութային փոխանակման ծրագրով

23.05.2023


Խնդիրը լուծելու համար պետք է երաժշտություն ստեղծել, բայց առանց համապատասխան գործիքների։ Նիդերլանդների «Լուսավոր ապագա» կազմակերպության նոր ծրագիրն այս տարի այսպիսին էր։ Հայաստանում մեկ հարկի տակ համախմբել են աշխարհի 7 տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին մշակութային փոխանակման նպատակով։

«Շատ հետաքրքիր է տեսնել, թե տարբեր ազգեր միավորվելով, ինչ հետաքրքիր պրոդուկտ կարող են ստանալ,» - ասաց Մարիամ Կիրակոսյանը։

Ծրագիրն իրականացվել է միջմշակութային հաղորդակցություն թեմայով։ Ազգագրական երգերով, պարերով և ժամանցային խաղերով կազմակերպիչները փորձել են մասնակիցների համար ճանաչելի դարձնել Հայաստանի և տարբեր երկրների մշակույթները։

«Մեր նպատակն է, որ մարդիկ միմյանց հետ շփվեն այնքան, որքան հնարավոր է, երբ դու անում ես ծրագիրը քաղաքից դուրս, այս տարի մենք Բյուրականում ենք արել, Ամբերդ հյուրանոցում, նրանք կարողանում են ավելի շատ ժամանակ հատկացնել միմյանց, իրար հետ շփվել,» - ասաց Մարիամ Կիրակոսյանը։ 

Այս շփումների ժամանակ էլ օտարեկրացի երիտասարդները հետաքրքրությամբ ուսումնասիրում են Հայաստանը և հայերին, համեմատում իրենց լսած պատմությունները տեսածի հետ.

«Օրինակ՝ հույները ասում են, որ իրենց միշտ ռոմանտիկ տպավորություն ունեն իրենց երկրում հայերի ու Հայաստանի մասին, բայց այն, ինչ իրենք տեսան էլ ավելի գերազանցեց իրենց տպավորություններն ու պատկերացումները,» - ասաց Մարիամ Կիրակոսյանը։ 

Հասարակական կազմակերպությունը նմանատիպ ծրագրեր իրականացնում է 2017 թվականից։ Այս տարի հյուրընկալել էին նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին, ինչպես նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոս Սխերմերսին։ 

«Նրանք մեզ հետ միասին քննարկեցին, թե ինչպես է իրենց գործում օգնում այլ երկրների, ազգերի մշակույթն իմանալը,» - ասաց նա։ 

Նիդերլանդներում բնակվող Մարիամ Կիրակոսյանի համար այսպիսի ծրագրերը առիթ են հայրենիք այցելելու համար։ Նրա խոսքով՝ առաջիկայում ևս մեկ նոր ծրագիր են իրականացնելու՝ Հանրային կապերի և մարքեթինգի թեմայով։