×

Երևանում ներկայացվեցին սիրիահայերի և լիբանանահայերի ձեռագործ աշխատանքները

19.05.2023


Այս ասեղնագործ աշխատանքը Մարալ Շեոհմելյանի հետ շրջել է տարբեր երկրներով և ներկայացվել ցուցահանդեսներում։ Սիրիայի պատերազմի ժամանակ է պատրաստել։ Մարալն այս տարի բաց չի թողել նաև Երևանում՝ Խաչքարերի պուրակում, կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մասնակցելու հնարավորությունը.


«Ես 2015-են Հայաստան վերադարձա։ Երբ վերադարձա, արդեն իմ զբաղմունքը դարձած ձեռագործ աշխատանքները դարձան արհեստ, սկսեցի արտադրել և ցուցահանդեսներու ընթացքին վաճառել,» - ասաց Մարալ Շեոհմելյանը։ 


Ցուցահանդես-վաճառքը Rootsmade բարեգործական էլեկտրոնային հարթակի նախաձեռնությունն է։ Ծրագրի շահառուները պատերազմներից տուժած սիրիահայերն ու լիբանանահայերն են։

«Ծրագրի ձևաչափը ի սկզբանե այնպիսին էր, որ պիտի նպաստեինք սիրիահայ և լիբանանահայ տուժած մեր հայրենակիցներին, բայց հիմա հեատքրքրությունն ավելի մեծացավ, նույնիսկ, այլ երկրներից եկած վարպետներ կան, որ հետաքրքրվում են այս ծրագրով և փորձում ենք իրենց աշխատանքները նույնպես ներկայացնել,» - ասաց Գոհար Օհանյանը։

Այսպես՝ մանուկների հանդեպ մեծ սիրով էլ Լենան որոշեց պատրաստել գույնզգույն, մանկական հագուստներ։ 35 տարի է, ինչ ձեռագործ իրեր է պատրաստում: 9 կտորով է սկսել, բայց թե ինչպես է անցել այդ ճանապարհը, չի ուզում հիշել.

«Ամեն անգամ, որ կմասնակցենք ցուցահանդեսի, շատ լավ վաճառք կըլլա, երբեմն ալ կըլլա, որ ասանք, չեմ գիտեր, գնորդդ պիտի գա և վերցնե ապրանքդ,» - ասաց Լենա Յակոբյանը։ 

Ցուցահանդեսն այս տարի 6-րդ անգամ է կազմակերպվում։ Աջակցել են «Roots & Next» երիտասարդական հիմնադրամը, Սիրիահայերի միությունը, Ամերիկյան համալսարանը և Երևանի քաղաքապետարանը։ Առաջիկայում նպատակ ունեն սկսել դասընթացներ, որոնց միջոցով վարպետները կսովորեցնեն Արևմտյան Հայաստանի ասեղնագործության տեսակները և այլ ձեռագործ աշխատանքների պատրաստման հմտությունները։