×

Էստոնիայից՝ Հայաստան. հայ մասնագետները հիմնել են նոր ստարտափ՝ HR drone-ը

10.05.2023



«HR drone-ում շատ հեշտ կարող եք ֆիլտրել ձեր ուզած մասնագետներին», - ասաց Նարեկ Հակոբյանը։


Բոլոր կարգավորումներն ավարտելուց հետո կարող եք միանգամից կապվել այն մասնագետի հետ, որին փնտրում եք։ HR drone ստարտափը հեշտացրել է աշխատանքի ընդունվելու գործընթացը՝ արհեստական բանականության շնորհիվ։ 

«Chat GPT-ի հիման վրա կազմել ենք Skill test։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում. մարդիկ ՝ աշխատանք փնտրողները, կարողանում են նշել համապատասխան հմտություններ և անցնել AI ավտոմատացման թեստ», - ասաց Նարեկ Հակոբյանը:

Այս միջոցով ստարտափի համահիմնադիրները լուծել են անճշտություններով և իրականությանը չհամապատասխանող ինքնակենսագրականների խնդիրը։ Այսպիսով՝ գործատուներն ավելի արագ կկողմնորոշվեն մասնագետի ընտրության հարցում։ 

«HR drone-ում երկու կողմն էլ կարողանում է հասկանալ իրենց աշխատավարձը համընկնում է, թե ոչ՝ առանց բուն աշխատավարձն իմանալու», - ասաց Նարեկ Հակոբյանը։ 

Գաղափարը մեկ տարի առաջ է ծնվել։ Ստարտափի համահիմնադիր Արամ Սահրադյանը, երկար տարիներ ապրելով Էստոնիայում, նպատակ է ունեցել թվային տեխնոլոգիաներով զարգացած երկրի փորձը բերել Հայաստան։ Սկզբում Երևանում հիմնել են «M’one» ՏՏ ընկերությունը, որը մոտ 30 աշխատող ունի հիմա. 

«Միշտ աշխատանքի ընդունելու խնդիրը եղել է։ Պետք է ստուգեինք տասնյակ կամ հարյուրավոր CV-ներ, որ հասկանայինք՝ ով է իրոք համապատասխանում աշխատանքին» - ասաց Արամ Սահրադյանը:

Եվ սկսեցին HR drone-ում ներառել անհրաժեշտ գործիքները։ Հիմա գործիքն անվճար է բոլոր օգտատերերի համար։ Ստարտափի համահիմնադիրների խոսքով՝ արդեն գործակցում են մոտ 50 ընկերությունների հետ։ Հետագայում մտադիր են մեկտեղել ոլորտի մասնագետների գաղափարները և ավելի կատարելագործել ստարտափը։