Nareg Zareh. սիրիահայ եղբայրները հայրենիքում գեղեցկության սրահ են հիմնել
15.05.2023
«Շատ-շատ փոքր էի, գնում էի քեռիի սրահ, այնտեղից էլ ամեն ինչ սկսվեց»,- ասաց Նարեկը։
Մորեղբոր գեղեցկության սրահն ու վարսահարդարի մասնագիտությունը Նարեկ Զարեհի համար աշխատանքային ուղղությունն ընտրելու ու առաջնային գիտելիքները ձեռք բերելու հնարավություն դարձան։ 16 տարեկանից վարսահարդարի ուղին սկսած հայրենադարձը արդեն կայացած մասնագետ է։
«Ինձ համար ամենակարևորը պրոֆեսիոնալ մասնագետ լինելն է։ Ինձ պետք է , որ մասնագետը սիրի իր գործը, ցանկություն ունենա վերապատրաստվելու, միշտ հետևի մասնագիտական նորություններին։ Կարծում եմ, որ մեր մասնագիտության դեպքում պետք է անընդհատ սովորել, քանի որ հաճախորդը նոր բաներ է պահանջում և մենք պետք է գոհացնենք նրան»,- պատմեց հայրենադարձը։
Երիտասարդը Հայաստան է եկել Սիրայից։ Որոշել էր ընդունվել պոլիտեխնիկական համալսարան, դառնալ՝ ճարտարապետ։ Սակայն նրա սերն այնքան մեծ էր վարսահարդարության նկատմամբ, որ շատ հեշտ կարողացավ գծագրական գործիքները փոխարինել վարսահարդարական մկրատներով ու տեխնիկայով, գծագրական մատիտներն էլ՝ ներկանյութերով։
«Ուրախանում եմ ես իմ գործով հիմա, դա կարող եմ ասել։ Սա ինձ համար գործ չի։ Միշտ ես ասում եմ էն մարդը, որը զբաղվում է իր սիրած գործով, դա աշխատանք չէ իր համար, դա մի ուրիշ աշխարհ է»,- նշեց սփյուռքահայը։
22 -ամյա հայրենադարձը հասցրել է իրականացնել իր նպատակը՝ արդեն մեկ տարի է իր սեփական գեղեցկության սրահն ունի։ 13 հոգանոց թիմում ներառված են թե՛ տեղացի, թե՛ սփյուռքահայ մասնագետներ։ Նարեկ Զարեհին բիզնեսում օգնում է եղբայրը՝ գեղեցկության սրահի հիմնադիրը։
«Երկար ժամանակ հայրենիքում մնալով՝ հասկացա, որ այն շատ դրական կողմեր ունի ու ես հնարավորություն ունեմ մնալ իմ երկրի մեջ, բիզնեսներս ունենամ»,- ասեց Ռաֆֆին։
Ռաֆֆի Զարեհն արդեն մոտ տասը տարի Հայաստանում է։ Այս ընթացքում շատ դժվարություններ է հաղթահարել։ Առաջին բանը, որ ցանկացել է, եղբորը՝ Նարեկին հայրենիքում տեսնելն էր, քանի որ վստահ էր՝ իր ու եղբոր համագործակցությունը հաջողելու է։
«Բիզնեսի մասով պետք է միշտ նայել հեռու կետին, Նարեկն այդ հատկանիշն ուներ։ Նրան պետք էր սատարում ու ստացվեց փառք տիրոջը»,- նշեց Ռաֆֆին։
Եղբայրները նպատակ ունեն իրենց գործով Հայաստանը հայտնի դարձել աշխարհում։ Այսքանով չեն սահմանափակվելու, Նարեկի ցանկությունն է՝ մասնագիտական գիտելիքները փոխանցել նոր սերնդին։