Գեղանկարիչ Արմեն Ռոնովը Երևանում ներկայացրեց «Ստրատումիզմ» խորագրով ցուցահանդեսը
15.05.2023
«Ես աշխարհի մարդ եմ, այսինքն՝ իմ տունն այնտեղ է, որտեղ հողը ներարկում է էն էներգետիկ բալանսը, որը ես ստանում եմ ու փոխանցում եմ մարդկանց»,- ասաց Արմեն Ռենովը։
Հողից մարդկանց փոխանցվող էներգետիկա, քարերից էլ՝ ստեղծագործություններ։ Գեղանկարիչ Արմեն Ռենովը գրաֆիկայի արվեստում նոր ուղղություն է զարգացնում՝ քարաշխարհի արվեստ ու լեզու կամ ինչպես գեղանկարիչն է կոչում՝ ստրատումիզմ։
«2020 թվականի աշնանը, որ արեցի ասեցի սա ստրատում է՝ շերտ և արդեն, որ 2-րդ, 3-րդ, 4-րդ գործերը, որ կայացան շերտը դարձավ որպես ուղղություն, այսինքն՝ իզմ և այսպես ծնվեցին այս իզմերը։ Հիմնադիրը ես եմ տերմինի»,- նշեց Արմեն Ռենովը։
Տերմինի ու յուրօրինակ գործերի հեղինակը երկար տարիներ ապրում է Փարիզում։ Առաջիկայում ուզում է տեղափոխվել Նյու Յորք, նշում է ՝ հավանաբար ընդմիշտ։ 2020-ի քովիդյան համավարակի շրջանում Արմեն Ռենովը ևս վարակվել է ու վճռել՝ եթե եկել է վերջը, ապա թող լինի բնության գրկում՝ ժայռերի ստվերում։ Հենց այդ շրջանում էլ սկսել է հետաքրքրվել քարաշխարհով ու ստեղծել իր առաջին գործերը, որոնց տիեզերական ուժի ու էներգետիկայի շնորհիվ էլ կազդուրվել է։
«Ինչու ես հանգեցի քարաշխարհի ծագումնաբանությանը, որորվետև հիմքում հողից և քարից ստեղծված էդ արարումն է, այսինքն՝ քարի շերտից ծնունդ առած ամբողջ աշխարհամթնոլորտային խումբը՝ աստղային, վակումային, տիրեզերական, արեգակնային…»,- պատմեց նա։
Գեղանկարիչը նաև ներգրավված է աստերոիդների ուսումնասիրման խմբերում։ Արեգակնային քարաթափն էլ հանդիսանում է հիմնական հումքը, որը Արմեն Ռենովն օգտագործում է իր աշխատանքներում։
«Սա հենց արեգակնային քարաթափի աշխարհընկալման ձևավորման փուլն է, սա արեգակն է, որն իր ծագումնաբանության մեջ է»,- ասեց Ռենովը։
Գեղանկարչի ոգեշնչման աղբյուր են հանդիսանում բնությունը, տիեզերական աշխարհն ու աստղազարդ երկինքը։ Այս ուղղությամբ գեղանկարիչը ստեղծագործում է մոտ 3 տարի, նշելով՝ որ իր ոչ մի գործն ավարտված չէ, քանի որ, ըստ նրա, տիեզերական գործընթացները ևս ավարտված չեն։
«Էստեղ ամբողջությամբ ինքը խնկված է, էստեղ օգտագործված է աստերոիդային հումք, ցուրենի հասկ, որը աստերոիդից է ծագում»,- նշեց սփյուռքահայը։
Արմեն Ռենովը բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում։ «Ստրատումիզմ» ուղղությունը գեղանկարիչն առաջին անգամ հենց Հայաստանում է ներկայացնում։