×

«Հայաստանում բրոնզե մեդալ նվաճելը ոսկու արժեք ունի». Ավստրիայի հավաքականի հայազգի մարզիչ

27.04.2023


 

Սկզբում մարզիչ, հետո նաև ծանրորդ. Ավստրիայի հավաքականի մարզիչ Սարգիս Մարտիրոսյանի մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը իր հաշվարկներից էլ դուրս էր։ Մարզիչը բրոնզե մեդալ նվաճեց Երևանում անցկացված առաջնության ժամանակ: 
 

«Երբ մի քիչ ժամանակ ունեի, մարզիկներս գնում էին հանգստանալու, ես իջնում էի դահլիճ պարապելու, որպես մարզիչ Անդրանիկ Կարապետյանին հրավիրում էինք մարզումներին ներկա գտնվելու,» - ասաց Սարգիսը։

Սարգիս Մարիտրոսյանը ծնվել է Հայաստանում։ 2005 թվականին տեղափոխվել է Ավստրիա և այնտեղ շարունակել զբաղվել ծանրամարտով։ Որպես ծանրորդ 6 մեդալ է նվաճել մինչև օրս։ Հայրենիքում հաջող ելույթից հետո հպարտությամբ է ընդգծում՝ Հայաստանում բրոնզե մեդալ նվաճելը ոսկու արժեք ունի իր համար.
 

«Ես պատմություն եմ կերտել։ Այսպիսի բան չի եղել աշխարհում, որ ինչ-որ երկրի հավաքականի մարզիչն ինքն արժանանա մեդալի։ Սա, չգիտեմ, հաշվարկից դուրս մի ելույթ էր, որով հպարտ եմ,» - ասաց նա։

Հայրենիքից հեռու ապրելը Սարգիսի համար խոչընդոտ չէ։ Ասում է՝ այնքան հաճախ է Հայաստան այցելում, որ իրեն հյուր չի զգում այստեղ.

«Հայաստան շատ հաճախ եմ գալիս, ու շատ մարդիկ եմ բերում ինձ հետ Հայաստան, այնպես չի, որ հյուր եմ եկել։ Գալիս ենք, գնում ենք, արդեն պլանավորում ենք հաջորդ այցը Հայաստան,» - նշեց մարզիչը։

Սարգիս Մարտիրոսյանն իր նվաճած մեդալը նվիրեց ծանրամարտի բոլոր երկրպագուներին՝ ապագայում նոր նվաճումների հասնելու ձգտումով: