Սիրիահայ Մարալ Շեոհմելյանը հայրենիքում ասեղնագործությամբ է զբաղվում
31.01.2023
«Այս բնական գզած բուրդը փոքր չափաբաժնով երբ վերցնում ենք և տեղադրում մետաքսի կամ մեկ այլ շղարշի ցանցքեն կտորի վրա, ջրով և օճառով մշակելու դեպքում վերածվում է կտորի»,- ասաց սփյուռքահայը։
Բուրդը կտորի վերածելու նուրբ արվեստի մասին է պատմում Մարալ Շեոհմելյանը: Որևէ դիզայն ստանալիս կարևոր է ուշադրություն դարձնել այն կտորի հիմքին։ Նուրբ գործվածքի դեպքում աշխատելը հեշտ է, հաստ կտորի դեպքում պետք է օգտագործել հատուկ ասեղներ։
«Այսպես տերևի թերթիկ պատրաստենք և այս հատուկ ասեղի օգնությամբ պետք է մխրճենք, համարյա թե՝ ասեղով և բրդով գծագրություն է»,- նշեց Մարալը։
Ասեղնագործությունը հայրենադարձ Մարալ Շեոհմելյանի համար և՛ սիրելի զբաղմունք է, և՛ աշխատաք, որից երբեք չի ձանձրանում։ 2015 թվականին Սիրիայի պատերազմի հետևանքով Մարալը տեղափոխվել է հայրենիք և որորշել՝ պետք է մնա, ստեղծագործի ու գալիք սերդին փոխանցի նախնիներից ժառանգած արվեստը։
«Սիրիայի մեջ իմ ապրելակերպի մի մասնիկն էր ասեղնագործությունը։ Իմ մեծ մայրերն են զբաղվել ասեղնագործությամբ, գաղթականության շրջանում տան ապրուստն են հոգացել։ Այդ պատերազմի պարագային պայուսակ էի պատրաստել, որ երբ հապճեպ դուրս գալու պայմաններ լինեն, ես առաջին հերթին ձեռագործներս դուրս հանեի»,- պատմեց հայուհին։
Մարաշ, Այնթափ, Ուրֆա, Տիգրանակերտ. Մարալ Շեոհմելյանը տիրապետում է ասեղնագործության տարբեր տեսակներին, երբեմն դրանք համադրում` եվրոպական ասեղնագործության հետ։
«Դարեր ի վեր հայ տիկինը միշտ շղարշ էր դնում իր գլխին, որն ասեղնագործ էր լինում։ Ես ներառելով եվրոպական ասեղնագործության տեսակները, ես արդեն ունեմ իմ աշխատանքը գծագրով և ամեն ինչով»։
2015-ից ի վեր տարեկան մի քանի անգամ սիրիահայ Մարալը մասնակցում է տարբեր ցուցահանդեսների, ներկայացնում իր անհատական աշխատանքները՝ հեղինակային տիկնիկները, ասեղնագործության տարբեր համադրությունները արծաթյա կամ փայտյա զարդերի, էպոքսիդային խեժի և թաղիքի հետ, որոնցով, սակայն, չի սահմանափակվում։
«Հետաքրքրությունը միշտ ինձ զբաղեցնում է նոր բաներ սովորել և ձեռք բերելով։ Կավագործության դասի գնացի և արդեն պետք է համադրեի ասեղնագործությքան հետ և այս նմուշներն ի հայտ եկան»,- նշեց Մարալը։
Բացի տեղական ցուցադրություններից Մարալը նաև ցուցահանդեսներ է ունեցել Հնդկաստանում, Շարժայում, Գերմանիայում, Վաշինգտոնում և Վրաստանում։ Հայուհու հետագա պլաններում սեփական սրահ ունենալն է, որտեղ կցուցադրի իր աշխատանքները, կընդունի նոր պատվերներ և կունենա աշակերտներ, որոնց կփոխանցի ասեղնագործության հմտությունները։