×

Բացառիկ հարցազրույց Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ. Ի՞նչ իրավիճակ է տիրում Սիրիայում

07.02.2023

7.8 մագնիտուդով երկրաշարժը տարածաշրջանի պատմության մեջ կմնա ամենաուժեղը վերջին հարյուր տարում։ Առաջին ցնցումները զգացվել են, երբ մարդիկ քնած են եղել։ Քիչ անց տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը՝ 7.7 մագնիտուդով։ Նախնական տվյալներով առնվազն 1500 մարդ է զոհվել Թուրքիայում և Սիրիայում։

«Ներկա պահին Սիրիայում բավականին բարդ իրավիճակ է, որովհետև երկրում լուրջ ավերածություններ կան և փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակների տակ գտնվող քաղաքացիներին հնարավորինս շուտ դուրս բերեն։ Սակայն միևնույն ժամանակ դժվարություններ են ստեղծում եղանակային դժվար պայմանները, հակտապես Հալեպում և Լաթաքիայում», - ասաց Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը։ 

Թուրքիայի պաշտոնական աղբյուրները նախնական տվյալներով հայտնում են, որ զոհվել է 1014 մարդ, վիրավորվել՝ 5383-ը, փլուզվել է 2818 շինություն։ Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է 403 զոհվածների և 1284 վիրավորների մասին։ Զոհվածների և վիրավորների թվում կան հայեր։

«Այս պահին ունենք ստույգ արձանագրված 2 հայրենակիցների մահվան տվյալներ։ Նրանք են մայր և որդի են։ Ամուսինն ու դուստրը փլատակերի տակ էին։ Փառք Աստծո մի քանի ժամ առաջ տեղեկություն ստացանք, որ հանվել են փլատակների տակից և ներկայումս վիրահատվում են։ Ե՛վ դեսպանատունը Դամասկոսում, և՛ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, անմիջապես առավոտվանից ստեղծել են աշխատանքային խմբեր՝ օպերատիվ շտաբեր, և հերթապահություն է իրականցվելու 24 ժամ։ Հիմա հավաքագրվում են տվյալներ տուժածների մասին։ Արդյոք կան տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ։», - ասաց Տիգրան Գևորգյանը։ 

Դեսպանությունը կապ է հաստատել նաև Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների հետ։ Կամիշլիում և Քեսաբում տուժածների մեջ հայեր չկան։

«Օրը մի քանի անգամ կապի մեջ եմ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափալյանի հետ, որն ինձ տեղեկացրեց, որ հայրենակիցների շրջանում չունենք տուժածներ։ Մի թեթև վնասվել է  Հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Նույնը կարելի է ասել Հալեպի մասին՝ Քառասուն Մանուկ եկեղեցին վնասներ ունի, բայց լուրջ չեն դրանք»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է զոհերի ընտանիքներին և հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել։ Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկություն ստանալու, նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը՝ +374 60 620 111։