×

Ավանդական ուտեստներին նոր համ ու յուրահատուկ մատուցում. Խոհարար Կարապետ Քեշիշյանը հայրենիքում է

03.01.2023

«Սա մեր հայկական Իշխանի խավիարն է, որը համեղներից մեկն է աշխարհում։ Մենք դնում ենք հետը խավիարը»,- ասաց Կարապետ Քեշիշյանը։

Հայտնի Մայրաքաղաքային աղցանը՝ նոր ու տարբերվող բաղադրատոմսով։ Ավանդական տավարի մսի փոխարեն սաղմոնի ֆիլե, թթվասերի փոխարեն՝ հեղինակային սոուս։ Սիրիահայ Կարապետ Քեշիշյանը ցանկացած ուտեստ պատրաստելիս ցուցաբերում է յուրահատուկ մոտեցում, ստանում համային միքս, որ կշոյի յուրաքանչյուրի քիմքը։

«Սիրիայում լավ համեմունքներ կան, որ շատ ճանաչված չեն Հայաստանում, սա առավելություն է տալիս ինձ, որ իմ խոհանոցում ներառեմ»,- ասաց հայրենադարձը։

Կարապետը Հայաստան մշտական բնակության է տեղափոխվել 2019-ին։ Խոհանոցի նկատմամբ նրա սերը սկսել է դեռ փոքր տարիքից։ Ամեն անգամ, երբ մայրիկը նոր ուտեստ էր պատրաստում Կարապետն ուշադիր հետևում էր ու մտովի պատկերացնում, թե որ համեմունքն արժե ավելացնել։ Օր օրի գրքին փոխարինող բաղադրատոմսերի գրքույկը նրան ավելի մոտեցրեց խոհանոցին։

«Սա հավով չեբուրեկի է, մեջը աղացած միս է, մատուցելիս հետը դնում ենք սոուսներ, որ այն լինի և հայկական, և ճապոնական»,- ասաց խոհարարը։ 

Մաասնագիտական գիտելիքները Կարապետն ստացել է Սիրիայում, հինգ տարի սովորել՝ խոհարարական ակադեմիայում, ապա աշխատել 5-աստղանի հյուրանոցում։ Հայաստան գալով սկզբում աշխատել է վրացական խոհանոցում, հիմա՝ ճապոնական։ Սա երիտասարդի առաջին և հիմնական այցելությունն է Հայաստան։ Դժվարությունների մասին խոսելիս նշում է արևելահայերենի ու արևմտահայերենի տարբերությունները։

«Այստեղի լեզուն ուրիշ է ակցենտով, խոսակցականով, մի քիչ դժվար էր, բայց անցավ ու հիմա շատ լավ է»,- ասաց Կարապետը։

Արաբական, վրացական, եվրոպական ու ճապոնական խոհանոցի գաղտնիքներին ծանոթ շեֆ-խոհարարն ամենից շատ սիրում է հայկական ուտեստները։

«Մեր երկրի հողը, ջուրը, ամբողջը փոխում է կերակուրի համը»,- ասաց սիրիահայը։

Աղցանի վերջնական տեսքին Կարապետն ավելացնում է ոլոռի ծիլերն ու համտեսողին մաղթում՝ բարի ախորժակ։ 28-ամյա շեֆ-խոհարարը մասնագիտական երեք երազանք ունի՝ վերապատրաստվել Ֆրանսիայում, ստանալ Միշլենի աստղ ու աշխարհում բարձր պահել հայկական խոհանոցի պատիվը։