Arnoush Organik. Իրանահայ Արմեն Շահվերդյանը հայենիքում նոր բիզնես է սկսել
03.01.2023
«Նուշն է, որ սարքի մեջ ճզմվում ու իր բնական յուղով դառնում է պաստա»,- ասաց Արմեն Շահվերդյանը։
Ամբողջովին բնական՝ առանց աղի, շաքարի, յուղի և այլ տեսակ հավելումների։ Իրանահայ Արմեն Շահվերդյանը հայրենիքում նոր արտադրանք է թողարկել։ Կնոջ ընկերակցությամբ և Իրանից ժամանած գործընկերոջ օգնությամբ ընդեղենի տարբեր տեսակները հատուկ սարքի միջոցով վերածում են պաստայի։
«Ես հեշտացրի ընդեղենի ուտելը, այսինքն մտածեցի՝ երեխաներ կան, գուցե դեռ ատամ չունեն կամ ծեր մարդիկ կան, որ դժվար է ծամելը։ Ես միշտ Պարսկաստանում այս ապրանքը օգտագործում էի և զգում էի, թե որքան համեղ ու մաքուր են։ Հայաստան գալով պակասն այստեղ զգացի»,- ասաց հայրենադարձը։
Առողջ սննդի կողմակիցների սեղանի անբաժան մասը դարձած Arnoush organik ապրանքանիշը շուկայում է արդեն 1.5 տարի։ Նուշ, պնդուկ, պիստակ,հայկական և հնդկական ընկույզներ, դդմի սերմեր, քունջութ. 7 տեսակի ապրանքներին շուտով միանալու են ևս 3-ը։
«Առաջինը՝ մի քանի ընդեղենի պաստան է, այսինքն միքսը, 2-րդը՝ պնդուկի վրա կակաո ենք ավելացրել։Այն երեխաները, որոնք նուտելա սիրում են, այս տարբերակը կհավանեն, քանի որ վրան յուղ և շաքար չի լինելու։ Մյուսը մեր թահինն է շոկոլոդով»,- ասաց Արմենը։
Արնուշ. անվան հարցում հայրենադարձը երկար է մտածել։ Պարսկերենից թարգմանաբար Արնուշ նշանակում է՝ պարզ, մաքուր։ Հայերեն էլ՝ Ար-ը Արմենիա բառից է, նուշը՝ անուշից։
«Արի և նուշի միքսն է լինում, որ ստացվում է՝ հայեր ջան, անուշ լինի ձեզ»,- ասաց գործարարաը։
Անուշ լինելու ցանկությամբ և յուրահատուկ համային մոտեցմամբ Արնուշը հայտնվել է նաև տարբեր հյուրանոցների և ռեստորանների խոհանոցներում։
«Մեր պաստաներից ստանում են սոուսներ, ստանում են ուտեստներ, որում հենց մեր պաստան են օգտագործում։ Գետնանուշը ամենամատչելին ու ամենաճանաչվածն է, բայց Հայաստանում նուշն էլ է շատ լավ վաճառվում, նուշն էլ են սիրում»,- ասաց Արմեն Շահվերդյանը։
Առողջարար, սպիտակուցներով ու վիտամիններով հարուստ. Arnoush organic-ը տեղ է գտնում ինչպես մեծածախ վաճառքի կենտրոններում,այնպես էլ՝ օնլայն շուկայում։ Արմեն Շահվերդյանի ներկա պլաններում Arnoush-ը Հայաստանի մարզեր հասցնելն ու սուպերմարկետների հետ գործակցություններն ընդլայնելն է։ Հետագա անելիքների թվում էլ՝ արտահանումներն են ու ընդեղենի տարբեր տեսակներից բուսական յուղերի ստացումը՝ որպես նոր ապրանքատեսակ։