Alpha Metal. Իրանահայ ընկերները հայրենիքում երկաթագործական արհեստանոց են բացել
03.01.2023
«Այս դետալն էլ մի քանի ամիս առաջ ենք պատրաստել, սա գյուղատնտեսական մեքենաների մեջ են օգտագործում, խոտ հնձելու համար է»,-ասաց հայրենադարձը։
Հայկական արտադրության մատնաշար՝ նախատեսված գյուղատնտեսական տեխնիկայի համար։ Հայրենադարձ ընկերներ Հենոն և Վահանը հայրենիքում երկաթագործական արհեստանոց են բացել։
«Մեր գործը թիթիեղների հետ է, նաև կվադրատների հետ ենք աշխատում։ SNS սարքավորումներ ենք բերել, լրիվ նոր։ Մինչև 10մմ հաստությունը հեշտությամբ կտրում ենք, տարբեր զոդումներ ենք անում, նաև փոշեներկում»,- ասաց Հենո Մուսախանյանը։
Թեհրանում բնակվող հարևանները ժամանակի ընթացքում դարձան ընկերներ, հիմա էլ՝ գործընկերության մեկնարկն են տվել։ Հենո Մուսախանյանը մասնագիտությամբ մեխանիկական ինժեներ է, Իրանում երկար տարիներ զբաղվել է քիմիական նյութերի արտադրությամբ։ Երկաթագործության ոլորտ նոր է մուտք գործել, բայց ընկերոջ՝ Վահանի օգնությամբ, որն արդեն 25 տարի ոլորտում է, վստահ է՝ հաջողելու են։
«Այս մեր գործը հայրիկիցս եմ ես սովորել, նրանք տարիներ շարունակ այդ գործով են զբաղվել։ Ես շատ փոքր տարիքից իրենց հետ աշխատել եմ, հետո արդեն գնացել եմ սովորել և շարունակել»,- ասաց Վահան Բաղդաարյանը։
Վահան Բաղդասարյանն էլ 3D մոդելավորող է, ծրագրերի հետ կապված ցանկացած հարց իրեն է բաժին ընկել։ Շինարարական ոլորտից սկսած և ամենանուրբ դեկորներից վերջացրած ամեն բան տղաներն անում են՝ միմյանց օգնելով և լրացնելով։
«Մի գիրք ենք գտել, որում հին հայկական նախշեր են, դրա վրա ենք աշխատում, տեսնենք ինչ դաջեր ենք կարողանալու անել երկաթի վրա, որ հարմար դաջ լինի և դրանք ցույց տանք ժողովրդին, որ այս հին հայկական դաջերից կարող են օգտվել»,- ասաց Հենոն։
2022-ին բացված Alpha Metal երկաթագործական արհեստանոցը արդեն հասցրել է ճանաչված դառնալ թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների կողմից։ Վահանն ու Հենոն հետագայում աշխատանքներն ընդլայնելու ցանկություն ունեն։
«Եթե գործերը հաջող կերպով առաջ գնան, կարող ենք գործը մեծացնել, այլ սարքավորումներ բերել, բայց դա կախված է նրանից, թե մենք ինչքան կկարողանանք այստեղ գործ ունենալ»,- ասաց Վահանը։
Հայրենիք տեղափոխվելու հիմնական պատճառների շարքում ապահով Հայաստանն է, երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը: Հենոյի և Վահանի՝ հայրենիքի և սկսած գործի հանդեպ սերը մեծ է, սպասումները՝ միմիայն դրական։