Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին
15.08.2022
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 6 մարդ, անհետ կորած է համարվում 16 քաղաքացի, մինչև այդ անհետ կորած էր համարվում 19 քաղաքացի:
Անհետ կորածների թվում կան ՌԴ քաղաքացի և Իրանի քաղաքացիներ։
«Անհետ կորածների թվի նվազումն էլ պայմանավորված է նրանով, որ ընտանիքի անդամները գտել են ենթադրաբար անհետ կորած անձանց»,- ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահին տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 13 մարդ: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 99 տոկոսով համոզված է, որ տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական ակտ չէ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
«Պայթյունի պահը դիտելով՝ ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել տեռորիստական ակտի մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն: Այսինքն ինչ-որ չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա: Սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, 99 տոկոսանոց ճշմարտություն է»,- մանրամասնեց Փամբուխչյանը:
«Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել, որովհետև փլատակների տակ մարդիկ կան, մեծ հույս ունենք, որ նրանք ողջ են»,- ասաց Փամբուխչյանը:
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված շները առևտրի կենտրոնի փլատակների տակ որոշակի հետք են գտել: Նա նաև վստահեցրեց՝ փրկարար ծառայության ուժերը բավարար են թե՛ հրդեհի մարման, թե՛ որոնողափրկարարական աշխատանքները իրականացնելու համար:
Գնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է, փրկարարները վերացնում են հնարավոր ռիսկերը, նոր աշխատանքներ իրականացնում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին էլ ասաց Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են, ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում անհետ կորածների թիվը պարբերաբար փոփոխվում է: