×

Բեյրութից՝ Դեբետ. Հայրենադարձ հետազոտող Կասիա Բոյաջյանը ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան

09.08.2022

Բեյրութից՝ Դեբետ գյուղ. այսպես է սկսում սփյուռքահայ հետազոտող Կասիա Բոյաջյանն իր հայրենադարձության պատմությունը։ Եվրոպայում, Լիբանանում ապրելուց ու աշխատելուց հետո 2 տարի առաջ նրա, ամուսնու և 2 երեխաների վերջին կանգառը եղավ հայրենիքը՝ Հայաստանը։ 

«Այստեղ տուն, ընտանիքի անդամներ չունենք։ Երբ տեղափոխվեցինք, նախ գնացինք Լոռու մարզի Դեբետ գյուղ, որովհետև ամուսինս աշխատում է ՔՈԱՖ-ի սմարթ կենտրոնում։ Ուրեմն մենք տեղափոխվեցինք Բեյրութից Դեբետ գյուղ։ Միքիչ դժվար էր մշակույթի տարբերությունը, օրվա կյանքը գյողում, բայց կորոնավիրուսի օրերին կարողացանք մեր աշխատանքները օնլայն շարունակել Լիբանանի հետ»։

Կասիա Բոյաջյանը աշխատել է միջազգային գիտահետազոտական խոշոր ընկերությունում։ Դասախոսություններ է կարդացել Բեյրութի Ամերիկյան համալսարանում։ Նրա հետազոտական հետաքրքրությունները վերաբերում են թափոնների և վերականգնվող ածխածնի աղբյուրների կատալիտիկ փոխակերպմանը քիմիական նյութերի և վառելիքի։ 

«Աշխատել եմ կատալիտիկ նյութերի հետ, որոնք արագացնում են քիմիական գործողությունները։ Դոկտորական վկայականից հետո հնարավորություն եմ ստացել աշխատել աշխարհի ամենամեծ նավթաքիմիական ընկերությունում՝ BASF-ում։ Ընկերության Գերմանիայի և Բելգիայի մասնաճյուղերում»։

Մեկ տարի Դեբետում ապրելուց հետո նա երեխաների հետ տեղափոխվեց Երևան։ Աշխատանքի անցավ Ֆիլիպ Մորրիս ընկերության գիտահետազոտական կենտրոնում։ 

Կասիա Բոյաջյանի աշխատանքային օրն սկսվում է, երբ հագնում է սպիտակ խալաթն ու սկսում նյութերի հետազոտությունը։ 2018 թվականին Հայաստանում հիմնադրված Philip Morris International-ի PMI Science գիտահետազոտական ​​կենտրոնը ընկերության երրորդ գիտահետազոտական կենտրոնն է աշխարհում։ Այստեղ աշխատում են հիմնարար գիտության վրա՝ թե՛ առանց ծուխ ապագայի հեղափոխական տեսլականին հասնելու, թե՛ ընկերության գիտատեխնոլոգիական կարողությունները հարստացնելու շուրջ։ Կենտրոնը նաև աջակցում է Հայաստանում գիտության զարգացմանը՝ ֆինանսավորելով գիտնականներին ու երիտասարդ մասնագետներին։ 

«Ֆիլիպ Մորրիսում նյութերի գիտահետազոտման վրա եմ աշխատում։ Մեր նպատակն է նոր նյութեր ստեղծել Ֆիլիպ Մորրիսի անծուխ արտադրանքների համար»։

Նյութերի հետազոտությունն ու դրանց բաղադրությունների ուսումնասիրությունը Կասիա Բոյաջյանի վերջին 20 տարվա աշխատանքն է։ Հայաստանյան այս կենտրոնում մասնագետներն աշխատում են տվյալների գիտության, տեխնոլոգիաների և նյութագիտության ոլորտներում։ 

«Սա կոչվում է TGMS: Այստեղ տեղադրում ենք մեր նյութերը և ուսումնասիրում ենք նյութերի ջերմաստիճանի կայունությունը, թե քանի աստիճանի դեպքում կարող է քայքայվել նյութը։ Հետո հասկանում ենք, թե ինչ բաղադրություն ունեին այս նյութերը»։

Հայրենադարձ հետազոտողն իր և ընտանիքի ապագան պատկերացնում է Հայաստանում։ Արդեն մտածում են բնակարան գնելու մասին, որպեսզի իրենց ոտքը ամուր լինի հայրենիքում։