×

Սկսվում է Երևանի Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքը

04.08.2022

Վարչապետն ընդգծելով «Կյանքի պուրակի» նախագծի կարևորությունը՝ նշել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո որոշեցին նահատակների անվամբ կամ նրանց հիշատակը խորհրդանշող նոր կարգի սիմվոլ ունենալ։ Մտածեցին, որ պետք է ստեղծել մայրաքաղաքում մի պուրակ, որը կխորհրդանշի կյանքը և կյանքի հաղթանակը: 

«Գաղափարի քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ուղղակի լավ պուրակ ստեղծենք, և այն նախատեսված լինի, որ երեխաները գնան, աղմկեն, խաղան, ընտանիքներով մարդիկ գնան, այնտեղ ժամանակ անցկացնեն, զբոսնեն, և դա լինի կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ ներկայացնող կարևոր խորհրդանիշը և մեր նահատակների հիշատակի ընդգծման այդպիսի՝ մի փոքր այլ մեթոդ կիրառենք», - ասաց վարչապետը։

Հողատարածք փնտրելիս պարզվեց, որ Երևանի Բուսաբանական այգում մոտ 30 հա ամայի տարածք կա։ Այն չորացել է ժամանակի ընթացքում չխնամելու պատճառով: Հետո քննարկումների ընթացքում պարզվեց, որ իրականում ամբողջ Բուսաբանական այգին կամ դրա մեծ մասն է այդ վիճակում: 

«Մենք հասկացանք, որ իրականում, «Կյանքի պուրակի» գաղափարն օգտագործելով, պետք է վերակենդանացնենք ամբողջ Բուսաբանական այգին և ծրագրի մասշտաբներն ընդլայնենք: Եվ մոտավորապես մեկ ամիս առաջ նախագծի քննարկում է տեղի ունեցել, նախագծի ընդհանուր կոնցեպտուալ մոտեցման վերաբերյալ կարծես որոշակի եզրակացության եկել ենք: Բայց այդ ընթացքում պարզվեց, որ անկախ այդ ամենից՝ կա ջրագիծ անցկացնելու խիստ անհրաժեշտություն, որովհետև Բուսաբանական այգում ոռոգման խնդիր կա: Մենք որոշեցինք սա իրականացնել շուտափույթ, այսինքն՝ առաջնային կարգով և հույս ունենք, որ հնարավորինս արագ այդ աշխատանքը կսկսվի», - նշեց Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագիրը նախ Երևանի համար էկոլոգիական, համայնքային կյանքի կազմակերպման համար մեծ նշանակություն կունենա։ Այս ծրագիրը մեր նահատակների, ընկած զինվորների, եղբայրների, սպաների հիշատակի ընդգծման նոր մեթոդ կդառնա: 

«Ես այդ մասին խոսել եմ նաև 2021 թվականին, Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ խնդիրը ձևակերպելով մեկ նախադասությամբ. «Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ապրի»: Մենք այդ ապրելու տրամաբանությունը պետք է կարողանանք զարգացնել, որքան էլ բոլոր հնարավոր կողմերից փորձեն այնպես անել, որ դա հնարավոր չլինի: Բայց մենք պետք է գնանք այս ճանապարհով և այդ առաքելությունն իրագործենք», - ասաց վարչապետը։ 

Ծրագրի արժեքը 245 մլն դրամ է, և նախագծով իրականացման համար նախատեսված է մոտ 200 օր։ Առաջարկվում է այս տարվա համար պլանավորել աշխատանքների կեսը և հատկացնել 122 մլն ՀՀ դրամ գումար: Եթե մրցույթում հաղթող շինարարական ընկերությունները կարողանան ավելին անել, հատկացվող գումարի ծավալը կավելանա, եթե ոչ՝ գումարի մնացածը մասը կնախատեսվի մյուս տարվա բյուջեով: