Շփման գծի հատման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից. Նիկոլ Փաշինյան
04.08.2022
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակին, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարմանը եւ դրանով ԼՂ անվտանգության ինստիտուտների ամրագրվածությանը, ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատին վերաբերող և մի շարք այլ հարցերի։
«2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության եւ էության հետ կապված հարցեր: 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի գրավումը եւ հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ եւ թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական եւ ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես եւ հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը», - ասաց վարչապետը։
Վարչապետը նշեց, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ակնկալում են, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով:Բացի այդ, գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր:
«Մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երրորդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը: Հենց այս տարածքն է կոչվում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Եւ մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն», - ասաց Փաշինյանը։
Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով: Վարչապետը նշեց, որ եթե Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա:
«Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը եւ շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ այդ թվում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է: Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաեւ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը: Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Երկրի վարչապետն ասաց, որ ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքը ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, եւ, հետեւաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի նման ձեւակերպումը և հայտարարությունները նույնպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են:
«Նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է (մեջբերում եմ). «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար» (մեջբերման ավարտ): Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որեւէ պլան գոյություն չունի, եւ մենք մի քանի անգամ առաջարկել ենք եւ հիմա էլ առաջարկում ենք դա անել: Այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան: Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի եւ խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ եւ եռակողմ գործընթաց է: Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետեւ մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել: Չնայած՝ պիտի ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն», - ասաց վարչապետը։
Վարչապետը հայտնեց, որ չնայած այս պահին Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ակտիվ մարտական գործողություններ չկան, իրադրությունը, ըստ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի այս բոլոր գործողությունները խաղաղության օրակարգի դեմ են ուղղված և պետք է աշխատել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: