ԱՄՆ ՄԶԳ-ն 120 մլն դոլարի ներդրում կկատարի Հայաստանում
23.06.2022

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագծին:
Ժողովրդավարության խթանման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության, պետական կառավարման համակարգի բարեփոխումներում: Փաստաթղթով նախատեսված գործողությունները միտված են լինելու մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական հաշվետվողականության ինստիտուտների հզորացմանը, ընտրական ու քաղաքական գործընթացներում բարեվարքության պահպանմանը, երկրում արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու կարողությունների ամրապնդմանը:
Տնտեսական անվտանգության բարելավման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի պետական հատվածին՝ ստեղծելու արդյունավետ և գործող համակարգեր, կաջակցի ներառական և տնտեսական ռազմավարությունների իրականացմանը, կօժանդակի արդյունավետ ներդրումների համար կապիտալ միջոցների բացահայտմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա շատ կարևոր համաձայնագիր է, սպասվում է 120 մլն ԱՄՆ դոլարի ներդրում ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական անվտանգության, ինստիտուցիոնալ զարգացման ոլորտներում: