×

Արտեմ Փաթափությանն իր Նոբելյան մեդալը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին

15.06.2022

Մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը, որը 2021-ին Նոբելյան մրցանակի է արժանացել ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար, հունիսի 14-ին իր պատվավոր մրցանակը՝ Նոբելյան մեդալը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին: Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը մեծ պատիվ համարեց Արտեմ Փաթափությանին հյուրընկալելը:

«Սա մեծ իրադարձություն է և՛ մեր թանգարանի, և՛ մեր երկրի համար: Այս մրցանակը կարող է նման նախաձեռնությունների նոր հիմք դառնալ: Վստահաբար հատկապես մոր երիտասարդ այցելուները, տեսնելով նմանատիպ ցուցանմուշներ, կարող են ոգեշնչվել և որոշել գիտությամբ զբաղվել»,-նշեց Պողոսյանը:

Փաթափությանն էլ խոստովանեց՝ եթե 18 տարեկանում որևէ մեկն իրեն ասեր, որ մի օր ինքը Նոբելյան մրցանակի կարժանանա, և այդ մեդալը կհամալրի Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների շարքը, ինքը կծիծաղեր ու կկարծեր, որ զվարճանում են:

«Այս մրցանակն ու ճանաչումը ձեռք բերելն ինձ համար զարմանալի էր, սակայն այն հույսի ուղերձ է բոլոր երիտասարդներին, ուսանողներին, որ, եթե նման բան տեղի ունեցավ ինձ հետ, կարող է պատահել նաև նրանց հետ: Նրանք պետք է ուղղակի զբաղվեն սիրած գործով, շատ աշխատեն ու հաճույք ստանան իրենց արածից: Ինձ համար պատիվ է, որ իմ մեդալը տեղ է գտել այստեղ, և ես ուրախ եմ այս թանգարանի մի մասը լինել»,-ընդգծեց լիբանանահայ գիտնականը: