Սարյան փողոցում անցկացվեց Երևանի գինու օրեր փառատոնը
14.06.2022
Գինու իրական սիրահարներին կարելի էր գտնել Սարյան փողոցում։ Երևանում գինու օրեր էին։
Նորաստեղծ գինեգործական ընկերությունների համար սա քննություն է, մյուսների համար իրենց արտադրանքը ներկայացնելու լավ հնարավորություն։
«Այն, ինչ կատարվում է Հայաստանի գինեգործական ոլորտում, աննկարագրելի է։ 10 տարի առաջ մի քանի արտադրողներ կային։ Եթե այդ ժամանակ մեկին հայկական գինի առաջարկեիր, գուցե չընդուներ։ Հիմա՝ 10 տարի անց, բոլորը հպարտանում են հայկական գինով, որովհետև գինին եկել է Հայաստանից։ Սա հայկական գինու վերածնունդն է», - ասաց Արմենիա Վայն ընկերության գլխավոր խորհրդատու Ժան Բատիստ Սոուլան։
Այս տարի նույնպես գինու փառատոնում նորություններ կան։ Չխմված գինիները կարելի է հետո էլ խմել՝ Հայփոստը տեղում կկազմակերպի ձեր գինիների առաքումը։
«Տանում են, տալիս են Հայփոստի տաղավար, Հայաստանի տարածքում շատ չնչին գումարով ու շատ արագ, նույնիսկ հաջորդ օրը, Հայփոստը հասցնում է գինին, և իհարկե ԵԱՏՄ տարածքում շատ փոքր գումարով հասցնում է գինին», - ասաց Էվենտտուրա ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանը։
Սրա շնորհիվ խթանում են գինեգործների արտադրանքի վաճառքը։ Հայ սպառողն էլ տարեցտարի ավելի պահանջկոտ է դառնում։
«Օրինակ՝ մեր փառատոնի ժամանակ կա հատուկ գինեդասերի գոտի, որտեղ օրական 3 անգամ 3 տարբեր լեզուներով անցկացնում ենք գինեդասեր տարբեր թեմաներով», - ասաց փառատոնի կազմակերպիչ Մերի Բադալյանը։
Երևանի գինու օրեր փառատոնը ոչ միայն գինեգործներին է բերել Սարյան փողոց, այլ նաև զբոսաշրջիկներին։ Բոլորը միաբերան պդնում են՝ հայկական որ գինին էլ փորձել են, իրենց դուր է եկել։
«Հրաշալի է ամեն ինչ։ Հայաստանում մարդիկ լավն են: Հիմա հայկական շատ լավ գինի եմ խմում։ Ֆրանսիական գինուց էլ լավն է»։
«Այստեղ ամեն ինչ հրաշալի է։ Մարդիկ լավն են, բոլորն այնքան բարի են։ Մենք Հայաստանում ենք»։
Երևանը 3 օր արբեցավ ու շնչեց գինու բույրը։ Սա արդեն դարձել է ավանդույթ և ամեն տարի Սարյան փողոցում հավաքվում են գինեգործներն ու գինու սիրահարները։