Ֆրանսիայի Կլամար քաղաքում կազմակերպվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնը
17.05.2022
Ֆրանսիայում, մայիսի 14-ին, ՀՀ դեսպանությունը մասնակցել է Փարիզի մերձակա հայաշատ Կլամար քաղաքում կազմակերպվող «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 7-րդ թողարկմանը, որը քաղաքի մշակութային այցեքարտերից մեկն է։
Փառատոնի բացմանը ելույթներով հանդես են եկել Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդիե Բերժեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, փառատոնի այս տարվա հատուկ հյուր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։
Ներկա էին Կլամարի փոխքաղաքապետներ Սերժ Քեհյայանը, Ժաքլին Մինասյանը, Պատրիս Ռոնկարին, Ֆրանսուա Լը Գոն։
Ներկայացված էին հայ մշակույթի, պատմության վերաբերյալ ֆրանսերենով լույս տեսած հրատարակություններ, մանկական գրականություն, հայկական մանրանկարչությունը, ժողովրդական արհեստները, հայկական գինեգործական արտադրանքը, պահածոյացված ապրանքատեսակներ, հայկական խոհանոցը։ Բազմաթիվ այցելուների առանձնակի ուշադրության կենտրոնում էին ֆրանսահայ կազմակերպությունների տաղավարները, որոնք լուսաբանում էին Հայաստանում և Արցախում իրենց կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը։