×

Թոշակառուները կստանան զեղչեր բանկային քարտով գնումներ անելիս

13.05.2022

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծին: Նախատեսվում է ներմուծել դատապարտված անձանց պահման ռեժիմների աստիճանական փոփոխության ճկուն մեխանիզմ ՝ խիստ ռեժիմից դեպի մեղմ: 

Նախագծով սահմանվել են քրեակատարողական հիմնարկների 3 տեսակներ՝ ցածր, միջին, բարձր անվտանգային տեսակներ։ Նախագծով սահմանվել է նաև էլեկտրոնային հսկողությունը և վերահսկողությունը: 

«Հաջորդ փուլում մենք արդեն պետք է քրեակատարողական ոլորտում անդրադարձ ունենաք նաև ֆիզիկական ենթակառուցվածքների հարցին, որովհետև դա ամենակարևոր խնդիրներից մեկն է. իրավունքների պաշտպանության, անվտանգության, բոլոր առումներով քրեակատարողական մեր հիմնարկները ֆիզիկական ենթակառուցվածքների մասով չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք օրենքներում և ընդհանրապես մեր գաղափարաբանության մեջ ձևակերպել ենք»,- ասել է վարչապետը:

Կառավարությունը 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացնի ճանապարհների նորոգման նպատակով։  Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, օբյեկտներից 7-ը ավարտական փուլում են, 3-ը նոր սկսվող աշխատանքներ են, 3-ը նախագծման աշխատանքներ են, և 43-ը` փորձաքննական ծառայության ենթակա աշխատանքներ։ Սանոսյանը տեղեկացրել է, որ Սյունիքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի խուսափել Տաթևի ոլորանների ձորի բարդությունից։ Սիսիանի հատվածից մինչև Տաթև կունենանք նոր ճանապարհ:

Կառավարությունը հաստատել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում առաջիկայում սոցիալական նշանակության նոր համակարգի ներդրմանը: «Տեղյակ եք, որ արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալներն ընդլայնել ենք: Առաջիկայում ներդնելու ենք հետևյալ համակարգը՝ հանրապետության բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի դեպքում պետք է կիրառենք զեղչեր: Եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, մենք կներդնենք զեղչերի համակարգ, որն ունի շատ կարևոր մի քանի նշանակություն: Առաջինը՝ զուտ սոցիալական նշանակություն, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատում, երրորդը՝ այդ առևտրի տվյալների վերլուծություն, որի շնորհիվ կկարողանանք արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը մեր կենսաթոշակառուների կարիքների համար»,-ասել է վարչապետը:

Երևանում կկառուցվի ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր։ Կենտրոն վարչական շրջանի Ձորագյուղ ազգագրական թաղամասի տարածքում իրականացվող ներդրումային ծրագրի արժեքը 10 մլն ԱՄՆ դոլար է: Աշխատանքները կտևեն 2-3 տարի, որի արդյունքում կստեղծվի 150-200 նոր աշխատատեղ։

Կներդրվի ՏՏ բնագավառում ամենամյա կրթական մրցանակների շնորհման նոր և արդյունավետ համակարգ։ Նախատեսվում է սահմանել կրթական 6 մրցանակ` լավագույն ուսանողների համար` «գլխավոր մրցանակ», «լավագույն ասպիրանտ» (I և II կարգ), «լավագույն մագիստրանտ» (I և II կարգ), «լավագույն բակալավր» (I և II կարգ) և լավագույն սովորողների համար` 2023 թվականից` «գլխավոր մրցանակ» և «լավագույն աշակերտ» (I և II կարգ):

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: