×

300 սփյուռքահայ մասնագետներ դիմել են ՀՀ պետական համակարգում աշխատելու համար

13.05.2022

Ավարտվել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը: Շուրջ 300 սփյուռքահայ մասնագետներ այս տարի դիմել են ծրագրին 31 երկրներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Բելգիա, Իրան, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելառուս, Արգենտինա, Շվեյցարիա, Նորվեգիա, Իտալիա և այլն: Առաջին անգամ ծրագրին դիմել են Նիդերլանդներից, Հորդանանից, Բրազիլիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և  Նոր Զելանդիայից: 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Այն հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին մեկ տարի աշխատել Հայաստանի և Արցախի ավելի քան 25 գերատեսչություններում՝ բերելով իրենց փորձը, գիտելիքները, նախաձեռնելով  նոր ծրագրեր և սկսելով իրենց կարիերան հայրենիքում: Բոլոր դիմորդներն ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ  մագիստրոսի աստիճան (կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

Այս տարվա դիմորդներն ավարտել են այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Հարվարդի, Բրադֆորդի, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական, Կոլումբիայի, Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանները: Ամենատարեց մասնագետը 77 տարեկան է, ծրագրին դիմողների միջին տարիքը 35 է:

Ընտրված մասնագետները հուլիս ամսվա ընթացքում կհրավիրվեն առցանց հարցազրույցի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Վերջնական ընտրությունից հետո այս տարվա սեպտեմբերից 50 սփյուռքահայ մասնագետ կսկսեն իրենց աշխատանքը: ՀՀ կառավարությունը մասնագետների համար ձեռք է բերում ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), հատկացնում է կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ,  առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է արդեն 3-րդ անգամ: Նախորդ երկու տարիներին ծրագրի շրջանակներում 100-ից ավելի մասնագետներ սկսել են իրենց աշխատանքը Հայաստանի և Արցախի պետական համակարգում: Նրանց 70 տոկոսը հայրենադարձվելու որոշում է կայացրել:

«իԳործ»-ը Հայաստանի պատմության մեջ միակ պետական ծրագիրն է, որը սփյուռքահայ մասնագետների հրավիրում է սեփական ներուժով փոխելու Հայաստանի կառավարման համակարգը: