×

Սիրիահայ Աբրահամը 7 տարի Հայաստանում ակնոցի բիզնեսով է զբաղվում

21.04.2022

Օպտիկական, արևային և մանկական. Հայրենադարձ Աբրահամը ներկայացնում է իր ակնոցների խանութի տեսականին։ Այն վերջե րս է բացել նոր հասցեում։

«Հայկական արևային Danz-երն ունենք, հետո Ray-Ban ակնոցներ ունենք և ունենք մանկական ակնոցներ։ Այս բաժինը նոր ենք բացել։ Էլի մեծացրեցինք, սկզբում այսքան տեսականի չունեի մանկական, որոշեցի մանկականի տեսականին էլ միքիչ շատացնենք», - ասաց Աբրահամ Քոճաօղլաեանը։

Աբրահամը Սիրիայի պատերազմի պատճառով ընտանիքով վերադարձել է Հայաստան 2015-ին։ Սկզբում փոքր խանութ վարձակալեց, սկսեց վաճառել ակնոցներ։ Այդպես արդեն 7 տարի Աբրահամը հայրենիքում ակնոցի բիզնեսով է զբաղվում։

«Հաճախորդը թանկ ուզեց, ունեմ, միջին կարգի բան ուզեց, էլի կա։ Հաճախորդներ կան, որ մատչելի տարբերակ են ուզում։ Մատչելի տարբերակ էլ ունեմ», - նշեց նա։

Արցախի 4-ը Աբրահամի ակնոցների խանութի նոր հասցեն է։ Մեկ ամիս առաջ է այստեղ տեղափոխվել։ Ասում է՝ և՛ սփյուռքահայ, և՛ տեղացի հաճախորդներ ունի։

«Սփյուռքահայ հաճախորդները նախընտրում են միշտ հայկականը։ Երբ իրենց ասում եմ, որ հայկական ակնոց ունենք, միանգամից ասում են, որ հայկականն են վերցնելու։ Իրենք միշտ քաջալերում են հայկական ապրանքը՝ ակնոցները», - ներկայացրեց ակնոցավաճառը։

Ակնոց պատրաստել ու վաճառել Աբրահամը սովորել է իր հորից։ Նրանք Հալեպում էլ մինչև հիմա ակնոցի խանութ ունեն։ Հիմա իր գործում պրոֆեսիոնալ է, աշխատում է տարբեր նյութերի հետ։

«Պրոգրեսիվ ապակին պարունակում է հեռու, մոտիկ և միջին հեռավորություն։ Այս ապակիներով շատ քիչ աշխատողներ կան Հայաստանում։ Բայց ես աշխատում եմ այս ապակիներով, այն պրոգրեսիվ է կոչվում», - ընդգծեց հայրենադարձը։

Աբրահամը ակնոց 0-ից է պատրաստում։ Հաճախորդը միայն ընտրում է կաղապարը, ապակին և սկսվում է ակնոց պատրաստելու աշխատանքը։

«Այս քարը օրգանական ապակի տաշելու համար է։ Այս քարը միայն ապակի է տաշում, այս քարը փայլեցնում է, մեջտեղի քարն էլ ապակու արանքն է բացում, որ ակնոցի մեջ նստի», - ասաց Աբրահամը։

Եվս մի քանի ժամ և հաճախորդի ընտրած ակնոցը պատրաստ կլինի։ Աբրահամը երեկոյան էլ կանցկացնի նորաբաց խանութում՝ գործ անելու շատ բան կա։