×

Ռուսաստանից և Ուկրաինայից եկած հայերը նաև սովորում են հայերեն ու կամավորությամբ զբաղվում

14.04.2022

Սամսոնը հայերեն այսքան բառ գիտի: Նա 2 ամիս առաջ է Հայաստան եկել Ռուսաստանից «Դեպի հայք» կազմակերպության շնորհիվ։ Հիմա այստեղ և՛ կամավորությամբ է զբաղվում, և հայերեն է սովորում։

«Հայերեն չիմանալն ինձ համար խնդիր է, որովհետև ես հայ եմ և պետք է կարողանամ այդ լեզվով խոսել, ուզում եմ հայկական մշակույթն էլ իմանալ։ Եվ հիմա ես այստեղ եմ», - ասաց Ռուսաստանից եկած Սամսոն Կարապետյանը։

Սամսոնի պես հայերեն չգիտի, բայց ուզում է սովորել նաև Գաբրիելան։ Նա էլ Հունգարիայից 1 ամիս առաջ է եկել Հայաստան։ Ծնողներից հայ միայն մայրն է, բայց աղջիկն իրեն ամբողջությամբ հայ է համարում։

«Երբեք այստեղ չեմ եղել, բայց մեծացել եմ որպես հպարտ հայ։ Երբ դեռ փոքր էի, երազում էի գալ Հայաստան։ Իմացա, որ այստեղ կամավորությամբ զբաղվելու հնարավորություն կա և դիմեցի ու եկա», - ասաց Հունգարիայից եկած Գաբրիելա Քոչիշը։

Սամսոնը, Գաբրիելան ու նրա պես տասնյակ երիտասարդ սփյուռքահայեր հիմա Հայաստանում են կամավորական ծրագրերի շնորհիվ։ Այսօր էլ նորեկների մի հարկի տակ են հավաքել՝ ներկայացնելու մեր երկրի հնարավորությունները։ Նրանց մեծ մասը հիմնականում Ռուսաստանից և Ուկրաինայից են, շարքերում նաև այլազգիների կան։

«Հայ կամավորների միություն ծրագիրը և Դեպի հայքը կամավորական ծրագրեր են, ինչպես արտասահամոնւն բնակվող մեր հայ մասնակիցների համար, այնպես էլ այլազգիների, ովքեր կցանկանան կատարել աշխատանք և ապրել Հայաստանում որոշ ժամանակով։ Որոշեցինք ներկայացնել մեր ծրագրերը, քանի որ միգուցե նրանց մեջ լինեն մարդիկ, ովքեր կցանկանան անցնել կամավորական ծրագրերով, և հետագայում դա նրանց կօգնի կողմնորոշվել, թե ինչով կարող են զբաղվել, եթե ցանկանն մնալ Հայաստանում», - ասաց Հովնանյան հիմնադրամի հասարակայնության հետ կապերի մենեջեր Շուշանիկ Հովհաննիսյանը։

Միջոցառմանը մասնակցող հայ և օտարազգի մասնակիցները  տարբեր ոլորտներից են։ Նրանք հիմնականում ՏՏ մասնագետներ, թարգմանիչներ և դիզայներներ են։ Խնդիրներից մեկը, որ կամավորական կազմակերպությունները փորձում են լուծել մասնակիցների համար, հայաստանյան կյանքին արագ ինտեգրելն է։

«Մեր ծրագրերը տրամադրում են ինչպես կամավորական աշխատանքի հնարավորություն, նաև նեթվորքիինգի, էքսկուրսիաների, Հայաստանը ճանաչելու, ֆորումների, հայերենի դասընթացների... Այսինքն՝ մի քանի բաղադրիչների ունեն, որոնք կարող են օգնել մարդկանց ինտեգրվել», - ասաց Հովնանյան հիմնադրամի հասարակայնության հետ կապերի մենեջեր Շուշանիկ Հովհաննիսյանը։

Այս փորձը ծրագրի կազմակերպիչների համար նոր չէ և սա հերթական հնարավորությունն է այն մարդկանց համար, ովքեր Հայաստան են եկել սոցիալական խնդիրների պատճառով։ Կամավորությունն, ըստ կազմակերպիչների, լավ հնարավորություն է, որպեսզի Հայաստան եկածները հնարավորություն ստանան ինքնադրսևորվել և աշխատանք գտնել։