«Առանց մեկս մյուսի չէինք կարող». Ինչպե՞ս գործարար ամուսինները բիզնես հիմնեցին հայրենքիում
11.04.2022
«Լիբանանյան փուռ ենք, լիբանանյան հաց ենք թխում՝ ժողովրդային», - ասում է Դալարը։ Մի քանի քայլ և լիբանանյան խոհանոցում ես։ Առաջին բանը, որ աչքի է ընկնում, խանութում կախիչից կախված հացերն են։
«Քունջութով հաց է, պայուսակի նման»։
Պայուսակի նման հացերը գրավել են նաև տեղացիների ուշադրությունը։ 1 տարի առաջ բացված սննդի այս կետը դարձել է աշխատանքի մեկնողների առաջին կանգառը։
«Ես շատ էի սիրում։ Ինչպես այստեղ խաչապուրին են ուտում, նույնպես էլ մենք էինք սա վերցնում զաթարով կամ պանրով և գործի էինք գնում»։
Քունջութով հացի բաղադրատոմսը պարզ է։ Ընդամենը մի քանի րոպե և քունջութով հացը՝ լցոնած պանրով ու մսով, պատրաստ է, կարելի է համտեսել։
«Հիմա սա տապակած միսն է, որ լցնում ենք մեջը, ամբողջ ուռած տեղը։ Տաքացնենք, որ պանիրը հալի և միսը տաքանա։ Շատ ենք վաճառում տեղացիներին և ասում են, որ համով է»։
Դալարն ու ամուսինը 2020-ին են հայրենադարձվել։ Մինչև այդ էլ իրենց կապը մշտապես պահել են հայրենիքի հետ։ Լիբանանահայերը 2015-ին ամուսնացել են Հայաստանում, 2018-ին էլ իրենց որդուն եմ մկրտել այստեղ։ Հիմա էլ ամուսինները սեփական բիզնեսն ունեն։ Երևանում սննդի կետը բացել են աջակցության ծրագրերով։
»Մեզ քաջալերում են, որ բրավո, կարողացել ենք»
Ընտանեկան համերաշխության գաղտնիքը համբերատարությունն է։ Դալարն ասում է՝ ինքն ու ամուսինն իրար թև ու թիկունք են, գործն էլ երկու հավասար մասի են բաժանել։
«Մշտական, առանց ամուսնուս չէինք կարող, միասին ենք, այսինքն՝ եթե ես չլինեմ, ինքը չի կարող, գործը երկուսիս մեջ ենք բաժանել։ Ես իմ գործն եմ անում, ինքը՝ իր»
Գործարար ամուսիններին բիզնեսում օգնում են նաև բարեկամները։ Չնայած սննդի մեծ մասը պատրաստում է Դալարը, սակայն առանց հարազատների գործն ավելի բարդ կլիներ։
«Սպանախը սկեսուրս է պատրաստում, հավով միջուկը մայրս, միսը... իրենց օգնությամբ խանութը փորձում ենք առաջ տանել»։
Հիմնականում աշխատում են սփյուռքահայերի հետ։ Միսը, համեմունքներն ու այլ ապրանքներ գնում են լիբանանահայերից և սիրիահայերից։
«Փոքր բաներ եմ պատրաստել։ Սուջուխով, բաստուրմայով, մսով, թահինով հաց ունենք, զեյթունով բորակ, հավով բորակ, սպանախ։ Լիբանանյան է սպանախը՝ թթույով, սումախով»։
Հիմա Դալարն ու նրա ամուսին Միսաքը մտածում են բիզնեսն ընդլայնելու մասին։ Շուտով քունջութով հաց հնարավոր կլինի համտեսել նաև պատվիրելով: