×

Հայրենադարձ խոհարար Քրիստափոր Սահակյանն իր հոր հետ հայրենիքում բիզնես է հիմնել

04.04.2022

Զաթարը, լահամաջոն, պիցցաներն ու Նապոլիի խոհանոցի այլ ուտեստներն արդեն հայկական մենյուում են։ 1997 թվականին Հալեպում հիմնված սննդի կետը 2014-ին մտավ հայաստանյան շուկա։ Խոհարարը՝ Քրիստափոր Սահակյանը դեռ դպրոցական տարիքից հորն օգնում էր ուտեստներ պատրաստելիս։ Հիմա հայրենիքում է, դանակն ու պատառաքաղը՝ ձեռքին։

«Եկել եմ հայրենիք ու արդեն սկսել եմ իմ գործով զբաղվել։ Խմորի գործով, սիրիական տարբեր խմորեղեններ, որոնք արդեն տարածվել են Հայաստանում և բոլորը գիտեն թե ինչ է զաթարը, լահմաջոն»,- ասաց Քրիստափորը։ 

Քրիստափորն այնքան շատ էր ուզում իր հոր պես լավ խոհարար լինել, որ խոհանոցից դուրս չէր գալիս։ Ընտանիքում 3 եղբայր են, ինքն ամենափոքրն է ու ժպիտով է նշում, որ միշտ եղել է հոր կողքին. և օգնում էր, և սովորում։ Ասում է՝ հիմա հաճախորդները դժվարությամբ են տարբերում, կերակուրը պատրաստել է ի՞նքը, թե հայրը։ 

«Ներկա պահին իմ հաճախորդները տեղացիներն են, քան սփյուռքահայերը։ Այդ մասով շատ ուրախ եմ, որովհետև իրենք սովորում են մեր պարտաստածին և հետո գալիս իրենք են պահանջում»,- նշեց հայրենադարձը։ 

Խոհանոցից դուրս Քրիստափորը սպորտսմեն է, ազատ ժամանակ ֆուտբոլ է խաղում՚։ Հանգստյան օրերն էլ նախըտրում է անցկացնել քաղաքից դուրս՝ հեռու աղմուկից ու եռուզեռից։ Այցելությունների թոփում են Դիլիջանը, Սևանը, Ջերմուկը, բայց ամենաշատը նրան կարելի է տեսնել Տաթևում։ Քրիստափորը հոբբի էլ ունի։ 

«Ես Սիրիայում 4 տարի պարել եմ հայկական պարախմբում։ Այստեղ շարունակեցինք մեր խմբով պարը մի քանի ներկաներով՝ տղաներ և աղջիկներ։ Կազմեցինք մեր հարսանեկան պարերի խումբը և պատվերների դեպքում գնում, պարում ենք»,- ասաց Քրիստափորը։ 

Մինչև այդ, Քրիստափորին սպասում են խոհանոցում։ Պետք է խմորին ավելացնել ծիտրոնի խառնուրդ և արևելյան նախաճաշը պատրաստ է։