Հալեպից՝ Երևան, ծրագրավորողից՝ գործարար. Հայրենադարձ Պետրոսն ընկերոջ հետ տնօրինում է Լայք սրճարանը
21.03.2022
Հալեպից՝ Երևան, ծրագրավորողից՝ գործարար։ 2012-ին, հայրենադարձ Պետրոսն արդեն հայրենիքում էր, պատրաստ տեղի մայր ԲՈՒՀ-ում կրթություն ստանալու։ Թեև Պետրոսը մասնագիտութամբ ծրագրավորող է, այնուամենայնիվ մաթեմատիկական գիտելիքներն այլ գործում պետք եկան։ Պետրոսն այժմ ընկերոջ՝ Գևորգի հետ տնօրինում է Լայք սրճարանը։
«Ես այս ոլորտ մտա 2020 թվականի սեպտեմբերից։ Այս սրճարանը գործում էր, ես այստեղ որպես հաճախորդ էի գալիս։ Միշտ մտածել եմ, որ նմանատիպ բիզնես ունենամ և կարծեցի, որ ավելի լավ է գործող և արդեն քեզ հարազատ վայրում սկսես աշխատել», - ասաց նա։
Ընկերոջից գործընկեր դառնալու ճանապարհին Պետրոսը նոր մասնագիտություն ձեռք բերեց` հմտացավ սպասարկման ոլորտում:
«Նայելով եմ սովորել սկզբում, որ տեսնեմ թե գործն ինչպես է ընթանում, նաև բաժիններով էի անցնում, տեսնում, թե որտեղ ինչպես են աշխատում», - պատմեց Պետրոսը։
Երիտասարդ հայրենադարձը մինչև հայրենքում մշտական բնակություն հաստատելը ևս 2 անգամ եղել էր այստեղ։ Նրա խոսքով՝ տպավորիչ էր ամեն բան՝ մարդիկ, միջավայրը, մաքուր օդն ու բնությունը։ Եվ չնայած նրան, որ շատ էր հավանել Հայաստանը, միևնույն է չէր պատկերացնում, որ հայրենիքում վերջնական հաստատվելու միտք կունենա։
«Իմ սկզբի քայլերը՝ աշխատանքում, թե ուսման մեջ, ես Հայաստանում արեցի։ Այն ճանապարհը, որը ես սկսեցի իմ հայրենիքում, ուզում եմ մինչև վերջ գնալ և հաջողել», - ասաց նա։
Բացի Լայք սրճարանի տնօրինումը Պետրոսը նաև հասցրել է հիմնական մասնագիտութան ոլորտում քայլեր անել։
«Համակարգչային խաղասրահ ունեմ ես, համակարգչային խաղերի և Playstation-ների համար։ 2015 թվականից սկսեցի այդ գործով զբաղվել», - ասաց նա։
Սպասարկման ոլորտում սկսնակ Պետրոսը հարմարվել է աշխատանքին ու հայաստանյան կենսակերպին: Ասում է՝ դժվարությունները հեշտ հաղթահարելի են, եթե հայրենիքում ես։ Հայրենադարձ երիտասարդը հետագայում ուզում է շարունակել սրճարանային բիզնեսը, ունենալ մասնաճյուղեր թե Երևանում, թե մարզերում: