«Ժան Վարդան». հայրենադարձ Վարդան Էքմեքջյանն արտադրում է հայկական վերարկուներ
21.03.2022
Հազար մղոնը դեռ մի քայլից է սկսվում։ Մասնագիտութամբ երկրագործ և երբեմնի վաճառական Ժան Էքմեքջյանի կարգախոսն է։ Սիրիայում հագուստի արտադրման մեծ բիզնեսը թողած և մեկ ճամպրուկով հայրենիք վերադարձած Ժանը, առավել հայտնի է Ժան Վարդան անվամբ։ Թե ինչու, պատմում է հենց ինքը՝ Ժան Վարդանը։
«Ինձ ավելի շատ ճանաչում են Ժան Վարդան անունով, որովետև Հալեպում «Ժան Վարդան» բրենդի անվան տակ էի արտադրում ապրանքները։ 1987 թ-ին, երբ իմ տղան ծնվեց Վարդան անունով, Ժան Վարդան անվան տակ այդ բրենդի անունը ստեղծեցինք»,- ասաց Ժան Վարդանը։
Իր և տղայի անուններրի միասնութամբ ապրանքանիշն արդեն շատերին է հայտնի։ 1980-ականներից մինչև օրս Ժանն անդավաճան է մնացել իր գործին, չնայած 10-ամյա դադարին, որն հաջորդեց հայրենիք վերադառնալուն։
«Սկզբի 10 տարին, որ եկել էի, բանաստեղծություններ էի գրում։ Առաջին գիրքս բանաստեղծությունների շարքը այստեղ հրապարակեցի «Պառթկում» վերնագրով։ 2-րդ հատորը մոտ ժամանակներս պետք է լույս տեսնի ավելի հաստ ծավալով»,- պատմեց հայրենադարձը։
Բանաստեղծություններ գրելուն շուտով լրացնելու եկավ կիթառը։ Ստեղծագործական բուռն կյանքը հետզհետե սկսեց իր տեղը զիջել գործարար մտքին։ Թեև հայրենիք վերադառնալուց ու տարիների աշխատանքը Սիրիայում թողնելուց հետո Ժանը հոգեբանական ծանր շրջանում էր, այնուամենայնիվ որոշեց շարունակել կիսատ թողածը, բայց այս անգամ հայրենիքում։
«Միշտ էլ երազել եմ, որ Made in Armenia և ոգևորված, հիմա ավելի ոգևորված, քան առաջ, և իմ երազանքը՝ Made in Armenia պիտակը՝ դնելն իրականացավ»,- նշոց գործարարը։
Մոտ կես տարի հայաստանյան շուկա դուրս եկած Ժան Վարդան ապրանքանիշի նմուշները հիմա կրում են Made in Armenia պիտակը։
Թողարկված տեսականին իր տեղն է գտնում հայկական մի քանի խանութներում, վաճառվում է նաև առցանց։ Հիմնադրի խոսքով՝ անում են ամեն հնարավորը որակյալ ու միջզգային ստանդարտներին համապատասխան արտադրանք թողարկելու համար։
«Ես ավելի արդյունաբերական բաժնի մեջ մեծ փորձ ունեմ, 5 հոգով քանի պիջակ կկարեն օրական, այս մեքենայով 10 պիդջակ, ուրիշ մեքենաներով 50 պիջակ»,- հավելեց նա։
Այս ոլորտում մոտ 50 տարվա փորձ ունեցող Ժանն ուզում է ամուր տեսնել իր հայրենիքը և այդ գործում կատարում է իր փոքրիկ ներդրումը։
Այժմ Ժան Վարդան ապրանքանիշը միայն տղամարդկանց վերարկուներ է թողարկում, բայց շուտոցվ կանցնեն նաև կանացի տեսականուն։ Հետագայում էլ ուզում են մեծացնել մասշտաբները և արտադրել նաև այլ հագուստներ։