Ամերիկաբնակ երգիչ Զարեհ Թևանը ներկայացրել է 2 երգ, քաղաքի կենտրոնում էլ ակումբ կբացի
21.03.2022
Ամերիկաբնակ երգիչ Զարեհ Թևանն իր երկրպագուներին միանգամից ներկայացրել է 2 նոր տեսահոլովակ։ Երկուսի պրեմիերան էլ Հայաստանում տեղի ունեցավ։ «Արդեն չգիտեմ» երգը ստեղծվեց գրող Պետրոս Հոկտանյանի բանաստեղծության հիման վրա։
«Քանի որ կարդացել էի, շատ էի հավանել «Արդեն չգիտեմ» բանաստեղծությունը, Պետրոսի հետ որոշեցինք, որ դա դառնա երգ։ Ես հենց այստեղ, որտեղ, որ դուք ինձ տեսնում եք, նստած հենց այստեղ ես գրել եմ այդ երգը», - պատմեց Զարեհը։
Զարեհ Թևանը այս տեսահոլովակում ներկայացել է երգիչ Վահե Քոչարի հետ։ Երաժշտական ձևավորումն այնպես են արել, որ այն տանգո պարային ոճում լինի։
Սիրո, կարոտի և խենթանալու մասին երգելուց հետո Զարեհ Թևանը ներկայացրել է հաջորդ տեսահոլովակը։ Արդեն այստեղ երգում է պարզ ընկերության մասին, որտեղ միայն վառ հուշեր են։
Զարեհ Թևանը կիթառահար է և իր երգերում մշտապես կարելի է տեսնել ու լսել կիթառի հնչյունները։ 3 տանսամյակ առաջ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո միայն երգիչը պրոֆեսիոնալ կարիերայով սկսեց զբաղվել։
«Ապրելով մոտ 31 տարի Միացյալ Նահանգներում՝ վերջին տարիներին շատ ավելի ակտիվ սկսեցի զբաղվել երաժշտությամբ։ Հատկապես այս վերջին 1-2 տարին շատ ավելի ակտիվ, քանի որ բազում երգեր ունեմ ստեղծած. Մոտ 140-ից ավելի երգեր, մոտ 13 մանկական երգեր», - ասաց նա։
Զարեհ Թևանն իր կարիերայի աճը կապում է երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ։ Միացյալ Նահանգներում 90-ականներին նրա հետ կայացած հանդիպումը կարևոր սկզբնակետ դարձավ։
«Ասացի, որ գրում եմ երգեր, Սյուզաննան ցանկացավ լսել այդ երգերը։ Կիթառով կատարեցի 2-3 երգ, որոնք նա հավանեց։ Ասաց, որ այդ երգերն ինքը կերգի», - հիշում է երգիչը։
Եվ ահա 2001 թվականին Զարեհ Թևանն ու Սյուզան Մարգարյանը ստեղծում են իրենց համատեղ առաջին երգն ու տեսահոլովակը, որն անվանեցին «Դու եկար»։
Հենց 2000-ականներից էլ ամերիկաբնակ Զարեհ Թևանին ճանաչեցին Հայաստանում, նրա երգերը՝ իր և Սյուզան Մարգարյանի կատարմամբ հնչեցին հայկական բեմերում։ Հիմա սփյուռքահայ երգչին բոլորը գիտեն։ Զարեհ Թևանն իր ստեղծագործությունները կապում է Հայաստանի հետ, դրանք հայերեն են ու պատմում են հայերի մասին։ Ամռանը Զարեհ Թևանը նորից կգա Հայաստան, այս անգամ քաղաքի կենտրոնում ակումբ բացելու նպատակով։