Լոս Անջելեսից Հայաստան վերադարձած Քրիստը կամավորությամբ է զբաղվում Գյումրիում
28.02.2022
«Արդեն 10 օրից ավելի այս գործով եմ զբաղվում: Քիչ-քիչ պետք է սկսենք հավաքածու թողարկել»,- ասաց Քրիստը:
Լոս Անջելեսից Հայաստան վերադարձած Քրիստը միացել է օգտագործված հագուստից մոդայի նոր հավաքածու ստեղծելու գյումրեցի երիտասարդների նախաձեռնությանը։ Կամավորությամբ զբաղվող երիտասարդը արդեն 2 շաբաթ է, ինչ հայրենիքում է:
«Դեպի Հայքի հետ եմ եկել այստեղ կամավոր: Հյուրընկալ ընտանիքի հետ եմ ապրում Գյումրիում: 5 ամսով եմ եկել, եթե հնարավոր լինի էլի կմնամ»,- նշեց կամավորը:
Օգտագործված հագուստներին երիտասարդները երկրորդ կյանք են տալիս՝ նոր մոդելավորմամբ։ Քրիստն օգնում է նրանց՝ մշակում դիզայներական լուծումներ, երբեմն հագուստներին ավելացնում որոշակի դետալներ։ Հավաքածուն, որը կթողարկվի մարտին, կոչվում է Siroon rECOvery։ Այն Երիտասարդական Պալատի ծրագիրն է։
«Ես ավելի շատ հետևում եմ Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի նորաձևության միտումներին ու գիտեմ, որ Հայաստանը այդ միտումներն ընդունում է և ուզում եմ ավելի ընդունված գործվածքներ օգտագործել, որպեսզի նոր հագուստն էլ ավելի լավը լինի»,- ասաց սփյուռքահայը:
Արդեն 6 տարի այդ գործով զբաղվող Քրիստը պապից և հորեղբորից է ժառանգել այս արվեստը: Հագուստին նոր շունչ տալու գործը տղան սկսել է 13 տարեկանից, հետո ավելացրել է գիտելիքներն ու մասնագիտացել ոլորտում:
«Այս վերջին 3 տարվա ընթացքում մենեջերի օգնական եմ եղել ամերիկաճապոնական Հայենդ խանութում: Պատերազմն էր ավելի, որ ինձ քաշեց Հայաստան :(06:33-06:39) Ես եկա, որպեսզի Հայաստանում ապագաս կառուցեմ՝ իմ արվեստական գործով: Ուզում եմ իմ ժողովրդի մեջ հաջողությունս գտնել՝ Հայաստանում»,- նշեց երիտասարդը:
27-ամյա երիտասարդը, չնայած նրան, որ 6-րդ անգամ է հայրենիքում, այնուամենայնիվ դժվար է համակերպվում տեղի նիստուկացին: Նշում է՝ մեկ ուտելիքի համն է տարբեր, մեկ՝ լեզուն, բայց սիրում է, երբ կյանքում փոփոխություններ են տեղի ունենում: Մոդելավորման գործում հմուտ Քրիստն այնքան էլ լավ կարել չգիտի, բայց աշխատում է այդ ուղղությամբ:
«Հիմա մի քիչ սովորում եմ կարել Արցախի կանանցից և Գյումրիի երիտասարդներից»,- ասաց նա:
Սփյուռքահայ Քրիստը շատ է ուզում կյանքը շարունակել Հայաստանում, կայանալ հայրենիքում և զարգացնել հմտություններն հենց այստեղ: Հիմնական նպատակն իր գործով հայրենիքին օգկտակար լինելն է։