Սփյուռքահայ երգիչ Սոսե Գրիգորյանը պատրաստվում է հայրենիքում տեսահոլովակներ նկարահանել
16.02.2022
Թաղ երթալու կանչողը սփյուռքահայ երգիչ Սոսե Գրիգորյանն է։ Իսրայելում ծնված ու Երուսաղեմում ապրող երգիչը հայրենիքի կարոտն առնում է երգելով։ Սոսե Գրիգորյանը կատարում է նաև այլ հեղինակների երգեր։
«Փոքր տարքից բեմերը, դերասանությունը, երգերը շատ էի սիրում։ Եվ սովորելով Սրբոց Թարգմանչած վարժարանում, առիթ ունեցավ, որ մասնակցեմ դպրոցի համերգներին։ Այդտեղից սկսվեց երգը եռալ մեջս», - ասաց Սոսեն։
Սոսեն 21 տարեկանում որոշեց, որ պետք է ընտրի երգչի կարիերան։ Սկսեց դասականներից՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա։
«Ամեն տարի, երբ գալիս էի Հայաստանի կոնսերվատորիա՝ անհատական դասերի է մասնակցում։ Հայկական շատ երգեր սովորեցի։ Սկսեցի տարբեր երկրներում երկրներում դասախոսություններ անել՝ բացատրելով մեր երգերը, մեր արժեքները, թե որտեղից ենք եկել», - ասաց նա։
Հետո Սոսեն փոխեց երաժշտական ոճը դեպի, իր ձևակերպմամբ, այլընտրանքային երաժշտություն։ Հնի ու ժամանակակցի խառնուրդը Սոսեն մատուցում է հայկական ու արաբական համեմունքներով։
«Հիմա վերջերս արդեն սկսեցի ընտրել երգեր, որոնք թե հայերեն են, թե արաբերեն։ Եկող ամիսներին կլինի էլի երգեր, որոնք թե արեբերեն, թե հայերեն», - ասաց նա։
Երգչի երկրպագուների մեծ մասը սփյուռքից է։ Արաբ երկրպագուների համար էլ երբեմն զարմանալի է թվում, թե ինչպես է հայն իրենց լեզվով երգում՝ միաձուլելով արաբականն ու հայկականը։ Ասում է՝ Հայաստանում էլ իրեն գիտեն, ճանաչողների մեծ մասը հայրենադարձներ են։
«Մեր հայաստանի եղբայրներն ու քույրերը իրենց համար քաղցր բան կա բառերի մեջ, բայց ավելի շատ սփյուռքում ինձ գիտեն», - ասաց Սոսեն։
Հիմա Սոսե Գրիգորյանը աշխատում է նոր երգերի վրա, որոնք ամբողջությամբ իր հեղինակայինն են լինելու։ Պատրաստվում է նաև Հայաստանում և Իսրայելում նոր տեսահոլովակներ նկարահանել։