Սփյուռքահայ խոհարար Շաղիկը նոր համ ու հոտ է բերել Հայաստան
19.01.2022
«Դու երևի մի քիչ հազար կտրատես, ես էլ լոլիկները կտրատեմ»,-ասաց Շաղիկը։
Մասնագիտությամբ սննդաբան և լրագրող հայուհին արդեն տասը տարի հայրենիքում է։ Հալեպից Հայաստան բերող ճանապարհին Շաղիկը գտավ իր սիրելի զբաղմունքերից մեկը, որն էլ հետագայում պետք է ճակատագրական դառնար նրա համար։
«Երբ ամուսնացա, երբեմն պատրաստում էի նոր բաներ՝ իմպրովիզներ էի անում և զգացի, որ սիրում եմ նորություն փորձել։ Նույն իրավիճակն էր, երբ ես և ամուսինս ճամփորդում էինք։ Մենք սիրում ենք նոր համեր բացահայտել։ Ինչը, որ դրսում ուտում էինք, ես հետո փորձում էի պատրաստել», - պատմեց հայուհին։
Հենց այսպես՝ նոր համեր փորձարկող և բացահայտող Շաղիկը սկսեց իր առաջին քայլերը։ «Yummy by Shagh» այս անվամբ ինստագրամյան բլոգը առաջին հարթակն էր, որտեղ տեղ գտան նրա յուրօրինակ բաղադրատոմսերը։
Հետևորդների դրական արձագանքները շուտով այնքան ոգևորեցին հայուհուն, որ նա սկսեց նաև յութուբում խոհարարական ալիք վարել, բայց այս անգամ արտասահմանյան դիտողների համար՝ անգլերեն։
Խոհարարությունը հոբբի համարող Շաղիկն արդեն մեկ տարի՝ ամեն առավոտ Հանրային հեռուստաընկերության եթերում է։ Հեռուստադիտողներին պատմում է և՛ իր հետաքրքիր համային լուծումներով բաղադրատոմսերի, և՛ արևմտահայերենի մասին։
«Հեռուստաընկերությունից առաջարկ ստացա, որ «Առավոտ լուսոի» խոհարարական բաժնի հաղորդավարը լինեմ։ Ճիշտն ասած, սկզբում շատ վախեցա, քանի որ փորձ չունեի թե՛ հաղորդավարի, թե՛ ուղիղ եթերում աշխատելու։ Իրականում առաջին չորս օրն էր դժվար, ամիս առ ամիս ավելի լավ է լինում ամեն ինչ», - ասաց Շաղիկը։
Թեև Շաղիկի համար խոհարարությունը հոբիների շարքում է, այնուամենայնիվ նա փորձում է ստանալ մասնագիտական գիտելիքներ։ Արդեն հասցրել է սովորել Փարիզի լավագույն խոհարարական դպրոցներից մեկում, պատրաստվում է ավելացնել գիտելիքներն ու կատարելագործվել առաջինը հենց իր համար՝ որպես հայ կին, տան տիկին և երկու երեխաներ մայր։
«Այսօր ուզում եմ թարմացնող աղցան պատրաստենք։ Բաղադրությունը չերրի լոլիկ, մեկ կիվի, մի փոքր արգուլա և հազար, վրան ավելացնելու ենք ձիթապտուղ և ֆետա պանիր»,- ասաց Շաղիկը։
Այս սննդարար աղցանն էլ վերջում որոշեցինք անվանել «Վիտամիքս Շաղիկի կողմից», որը տեղ գտավ իր բաղադրատոմսերիր շարքում։
Շաղիկն իր հետագա կյանքն ու գործունեությունը պատկերացնում է հայրենիքում։
Մեծ հպարտությամբ է ասում, որ իր երեխաները Հայաստանում են ծնվել ու կրթություն ստանում։ Նշում է, որ թե՛ իրենք, թե՛ երեխաներն ունեն մեծ հնարավորություն վայելելու Հայաստանի հարստությունները՝ մաքուր օդը, քաղցահամ ջուրն ու գեղեցիկ բնությունը, և, որ ամենակարևորն է, նրանք պահով են հայրենի հողում և շրջապատված բարի ու հոգատար հայրենակիցներով։