Գյումրի
Արփի լիճ
Ահա մի գեղեցիկ լիճ, որը գտնվում է Շիրակի մարզում։ Այս ազգային պարկը զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք: Բնության սիրահարների համար նշենք, որ տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր, որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում: Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են։ Պարկում կան կաթնասունների 30 տեսակ: Այս լիճը արհեստական ջրամբար է:
Երերույքի տաճար
Գալով Հայաստան և լինելով բոլոր հայտնի տեսարժան վայրերում՝ միշտ էլ կգտնվի մի վայր, որը քիչ հայտնի կամ դեռևս բացահայտված չի լինի ձեզ համար։ Եվ այդ շարքում գուցե հանդիպեք Երերույքի տաճար անվանը, որը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի արևելյան եզրին: Հուշարձանը հայկական դասական ճարտարապետության և քրիստոնեական վաղ շրջանի կառուցողական արվեստի նվաճումներից է: Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից: Հիմնադրվել է ավելի վաղ՝ որպես հեթանոսական մեհյան:
Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան
Աշխարհում չկա մի հայ, ով չի լսել Մինաս Ավետիսյանի անունը․ իսկ թանգարանը այցելել հաստատ կհասցնեք։
Մինաս Ավետիսյանի թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին՝ նկարչի ծննդավայր Ջաջուռ գյուղում: Այժմ թանգարանում ցուցադրվում են նկարչի և նրա ժամանակակիցների աշխատանքները: Մինաս Ավետիսյանը 20–րդ դարի երկրորդ կեսի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից է: Մինասը բազմաժանր նկարիչ է: Նա ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող հորինվածքներ, բնանկարներ, դիմանկարներ ու նատյուրմորտներ: Նա նաև 20 ինքնատիպ որմնանկարների հեղինակ է:
Սև բերդ
Իսկ ցանկանու՞մ եք տեսնել, թե ինչպիսի տեսք ունի ռազմական հենակետը։ Գնանք Սև բերդ, որը կառուցվել է 1834 թվականին: Ըստ պատմական աղբյուրների, բերդի կառուցման անհրաժեշտությունն առաջացել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսներն սկսել են հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։ Բերդն ունի փակ մուտքեր, գետնուղի թունելներ:Բերդն առավել գեղեցիկ ու խորհրդավոր է երեկոյան ժամերին, երբ լուսավորվում է չորս կողմից։