«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն
Գիտե՞ք, որ Արմավիրի մարզում կա մի գանձատուն-թանգարան, որն անվանվել է ի պատիվ ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Մանուկյանների: Երկհարկանի կառույցում կան ոչ միայն հայ եկեղեցու թանգարանային նմուշները, այլ նաև Գարեգին I-ին կաթողիկոսի գրադարանը:
Գանձատանը ցուցադրվող նմուշները ժամանակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից: Թանգարանում ցուցադրվում են բազմաթիվ արժեքավոր իրեր: Այստեղ է պահվում Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն:
Գանձատունը կառուցվել է Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետության օրոք։ Այստեղ են պահվում եկեղեցական սրբություններ ու մասունքներ, կիրառական արվեստի նմուշներ, խորանի վարագույրներ, հին հայկական գորգեր։ Առանձին մի սրահում ցուցադրվում են նաև տարբեր շրջաններում Հայոց Հայրապետներին ընծայված արժեքավոր նվերներ:

Ակնալիճ
Արմավիրի մարզն առանձնանում է իր շքեղ բնությամբ, որտեղ Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքն է` Ակնալիճը կամ Այղր լիճը, որը գտնվում է Երևան - Արմավիր խճուղու ձախ մասում՝ Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի միջև։ Սա մի գողտրիկ, մոտ 10 մետր խորությամբ լճակ է, որը զարդարում է Արարատյան դաշտի այս հատվածը: Տարածքում բուծում են կողբ և ձկան մի քանի տեսակներ:

Բագարանի Սուրբ Շուշանիկ եկեղեցի
Հայաստանի ամենագեղեցիկ և հին վանքերից մեկը Շուշանավանքն է՝ հայ-թուրքական սահմանի եզրին: Այս վանքն ունի մի հետաքրքիր պատմություն. հայոց իշխանի մանկահասակ դուստրը՝ Շուշանիկը, շրջելով Բագարանի շրջակայքում, մոլորվում և այդպես էլ չի գտնվում։ Փոքրիկ Շուշանիկի հայրը Ախուրյանի ձախ ափին, ենթադրաբար այն վայրում, որտեղ կորել էր Շուշանիկը, կառուցում է եկեղեցի։
Իսկ մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ բագարանցի տիկին Շուշանը, լինելով Ախուրյանի ձախ ափին, ուշանում է պատարագից և այդ պատճառով կառուցում է մի նոր եկեղեցի և անվանակոչում Շուշանավանք։
Թե որ ավանդազրույցն է առավել մոտ իրականությանը, ոչ ոք չի կարող ասել, բայց կարող ենք ասել մի բան, որ Շուշանա վանքը շարունակում է մնալ մարդկանց հետաքրքրության կենտրոնում, և տարվա բոլոր եղանակներին գրավում է զբոսաշրջիկներին իր հնությամբ և հավատքի ուժով։

Մուսալեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան
Արմավիրի մարզում գտնվող դիտարժան մեկ այլ վայրերից է Մուսալեռան թանգարան-մասնաճյուղը: Թանգարանում ներկայացված են Մուսալեռան ինքնապաշտպանական մարտերին նվիրված և մուսալեռցիների ավանդական կենցաղը, ծեսերը, սովորույթները ներկայացնող ցուցանմուշներ:
Ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի օրը` հերոսական ճակատամարտի տարեդարձին, մուսալեռցիների հետնորդները հարգանքի տուրք են մատուցում նահատակների հիշատակին և մեծ շուքով տոնում իրենց հաղթանակը: Այդ օրը մեծ տոնախմբություն է լինում. մուսալեռցիները խարույկ են վառում, հավաքվում են խարույկի շուրջ, դհոլ զարկում, ժողովրդական երգեր երգում ու պարում: Հենց այս օրն էլ պատրաստում են ազգային կերակուրը` հարիսան:

«Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկություն
Ընկերությունը զբոսաշրջիկների համար կազմակերպում է հյուրընկալություններ, վարպետության դասեր, ունեն Արտ հյուրանոց և հյուրատուն, որտեղ հյուրերը կարող են ընտրել թեմատիկ սենյակներից մեկը, տեսնել հայկական կենցաղավարման իրեր:
Այստեղ կարող եք համտեսել հայկական խոհանոցի ճաշատեսակներ ու կերակուրներ, սովորել հայկական կերակուրների պատրաստման եղանակները, ականատես լինել ավանդական եղանակով գինու ստեղծման արարողությանը: