×

Լիբանանահայ Արմինե Փանոսյանը վերադարձել է հայրենիք և հիմնել է ուսումնական կենտրոն

30.06.2021

Այսպես ամեն օր հայրենադարձ Արմինե Փանոսյանն իր ուսումնական կենտրոնում ընդունում է տասնյակ ուսանողների։ Սովորեցնում է ինչպե՞ս գրել, կարդալ, լսել և հաղորդակցվել անգլերեն։ Արմինեն Լիբանանից է հայրենիք վերադարձել, արդեն 5 տարի է այստեղ է ապրում. 

«Միշտ այդ ցանկությունը կար վերադառնալու, բայց պայմաններ պետք է լինեին, որովհետև ընտանիք ունենք, երեխա ունենք, իմ դեպքում իմ ամենամեծ մոտիվացիան երեխաս էր, որ չէի ուզի ինքն էլ Լիբանանում մեծանար մեզ նման, սփյուռքում, շատ անկայուն, անապահով վիճակում», - պատմում է նա։

Սկզբում դժվար էր։ Սկսեց ընդամենը մեկ գրասեղանով և լուսամփոփով՝ փոքրիկ սենյակում, հետո աշխատանքի եկամուտը ներդրեց և հիմնեց այս կենտրոնը։ 

«Միշտ ուզել էի իմ անձնական լեզվի կենտրոնն ունենալ, ոչ միայն լեզվի, այլ զարգացման, ուսուցման կենտրոն և Լիբանանում դա հնարավոր չէր, շատ մեծ ֆինանսներ էին պետք, իսկ այստեղ ավելի փոքր գումարով կարելի էր սկսել»։

Լիբանանի տարբեր դպրոցներում, հրատարակչություններում աշխատելուց հետո Արմինեն 23 տարվա մասնագիտական փորձը ցանկացավ բերել Հայաստան։ Դասավանդման նոր մեթոդներն ու հմտությունները սկզբում հակասեցին Հայաստանում տարածված ուսուցման ձևերին։ Մասնագետի խոսքով՝ ոչ բոլորն էին հավատում, որ իր մեթոդներն արդյունք կտան. 

«Ոմանք կասկածում էին, ոմանք կարծում էին ես խաբում եմ, երբ ասում էի՝ միայն անգլերեն ենք խոսում դասարանում, ասում էին՝ բա մեր երեխաներն ինչպե՞ս հասկանան ձեզ, ինչպե՞ս շփվեն, չի ստացվի, չի լինի, շատ էի լսում Չ-ն»։

Արդյունքը տեսնելուց հետո հավատացին, վստահեցին, հիմա մեկը մյուսին են խորհուրդ տալիս այստեղ սովորել։ Սովորողների թիվը 9-ից դարձավ 100-ից ավելի։ Հիմա անգլերենից բացի, սովորեցնում են նաև ռուսերեն, իսպաներեն և հայերեն՝ օտարերկրացիների համար։ Ուսուցիչների մեծ մասը նույնպես հայրենադարձներ են։ Կենտրոնի անունն էլ իր հստակ բացատրությունն ունի. 

«A+-ը ամենալավ գնահատականն է ամերիկյան սիստեմում։ Երբ մտածեցի A+ skills, նկատի ունեի, որ այստեղ եկող ուսանողերն ու աշակերտները ստանում են ամենալավ լեզվական հմտությունները», - ասաց Արմինեն։

5 տարվա աշխատանքից հետո արդեն գործակցում են տարբեր միջազգային կազմակերպությունների հետ։ Այս տարի բացել են կենտրոնի երկրորդ մասնաճյուղը։ Առաջիկայում ցանկանում են նաև հիմնել նախադպրոցական զարգացման կենտրոն, որտեղ երեխաները կկարողանան զարգացնել իրենց լեզվական հմտությունները։