Նիդերլանդների խորհրդարանը նոր բանաձևով պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց
18.06.2021
Նիդերլանդների խորհրդարանը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։
«Հաշվի առնելով այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների և այլ ձերբակալվածների ու զոհվածների աճյունների փոխանակումը, ինչպես նաև այն, որ ժնևյան կոնվենցիան (III) գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո և քանի որ այդ երկրները պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց և, արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին, կոչ ենք անում Եվրոպական Խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանց հայրենադարձելու համար», - նշված է բանաձևում։
Նիդերլանդների տարբեր քաղաքներում նաև շարունակվում են հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ակցիաները։ Վերջին խաղաղ ակցիան իրականացվել է Հաագայում։ Հայերին միացել են նաև հոլանդացի քաղաքական գործիչներ։