Պատմական ռեկորդ. ապրիլին հարկային եկամուտները կազմել են 180 միլիարդ դրամ
06.05.2021
Ապրիլին հարկային եկամուտները կազմել են մոտ 180 միլիարդ դրամ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա մեկ ամսում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է։
«Ըստ էության արդարացվել է նախկինում կայացրած մեր որոշումը և դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի այն գումարը, որ պետք է բիզնեսը վճարեր, ըստ էության, իրենից օտարեր, մնա շրջանառության մեջ և օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել», - ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ կառավարությունը վերջին երեք տարիների ընթացքում մոտ 200 միլիարդ դրամ է վերադարձրել բիզնեսին: Նրա խոսքով՝ ապրիլի տվյալներով պատմական նվազագույնի է հասել պարտքը։
«Հայաստանում պատմականորեն միշտ խնդրահարույց է եղել ավելացված արժեքի հարկի վերադարձի պրոցեսը: Կուտակված են եղել հարյուր միլիարդավոր դրամների պարտքեր, անհույս պարտքեր ու նաև ուզում եմ ասել, որ ապրիլի դրությամբ մենք բիզնեսին հարկերի վերադարձման գծով ունենք պարտքերի պատմական մինիմում, այսինքն՝ ապրիլի դրությամբ պարտքը կազմել է 67,4 միլիարդ դրամ, ընդ որում, մենք գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Այսուհետև այն քաղաքացիները, ովքեր կունենան պատվաստման կանաչ անձնագիր, կարող են Հայաստան գալ, լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չի լինի.
«Եթե անձն ունի որոշակի սիմպտոմներ, ապա նա ենթակա է հոսպիտալացման, եթե չունի որևէ սիմպտոմ, այլ ուղղակի հրաժարվում է ՊՇՌ թեստ հանձնել և չունի պատվաստված լինելու մասին հավաստագիր, ապա նրա նկատմամբ կիրառվում է մեկուսացման ռեժիմը», - ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքն արդեն կայունացման որոշակի նշաններ է ցույց տալիս.
«Մենք հիմա մտածում ենք նաև, որ պատվաստում իրականացրած սպասարկման ոլորտի համար՝ հյուրանոցներ, ռեստորաններ և այլն, թողարկենք պետական հատուկ տարբերանշաններ, որպեսզի մուտքերի մոտ փակցված լինեն, որպեսզի զբոսաշրջիկները վստահ լինեն, որ աշխատակազմի մեծ մասը պատվաստված է և նրանք հանգիստ կարող են օգտվել այդ ռեստորանի ծառայությունից առանց մտավախություն ունենալու կորոնավիրուսով վարակվելու», - ասաց Փաշինյանը։
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ կորոնավիրուսը վերջնականապես հաղթահարելու հնարավարություն կա և քաղաքացիներին կոչ արեց պատվաստվել.
«Մենք մեր օրինակով նաև ցույց ենք տվել, որ դեռևս ողջ ենք պատվաստվելուց հետո, և որևէ վտանգ չկա», - ասաց նա։
Համաշխարհային բանկը 3 միլիոն 718 հազարի չափով գումար կտրամադրի կառավարությանը՝ սոցիալական աջակցության 4 միջոցառում ֆինանսավորելու համար։
«Մասնավորապես 68 հազար դրամների ծրագիրն է ֆինանսավորվելու, վարձակալության 30-45 հազար-ական հատուցումները և աշխատատեղերի հետ կապված ունենք երկու միջոցառում», - ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։
Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեն ավելացրեց 2 միլիարդ 942 միլիոն դրամով։ Նախագծով տարբեր մարզերում կկառուցվեն մոդուլային ժամանակակից դպրոցներ և մանկապարտեզներ։
«Ուզում եմ հատուկ նշել, որ բոլոր դպրոցներում նախատեսված են ապաստարաններ, և ենթադրվում է, որ այս դպրոցները նաև կդառնան համայնքային կենտրոններ՝ մշակութային, սպորտային», - ասաց ԿԳՄՍ նախարարը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսպիսով կառավարությունը շարունակում է կրթության ոլորտում իրականացվող խորքային բարեփոխումները։