×

Բեմադրիչ Ջիվան Ավետիսյանը հանրությանը կներկայացնի Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմ

13.04.2021

Բեմադրիչ Ջիվան Ավետիսյանը, որը հայտնի է Արցախի մասին պատմող իր ֆիլմերով («Թեւանիկը», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»), շուտով հանրությանը կներկայացնի նոր գեղարվեստական ֆիլմ։ «Վերածնվածը» ֆիլմը պատմելու է 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմի մասին։ Ի սկզբանե որոշվել էր ֆիլմ նկարահանել 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին, սակայն անցած տարվա իրադարձությունները  փոխեցին ծրագրերը։

«Մեզ համար միշտ կարևոր է եղել ստեղծել արվեստի բարձրորակ աշխատանք, ֆիլմը ինքնանպատակ չէր, այլ բարի գործ, որի միջոցով փորձել ենք պատմել Արցախի մասին: Ֆիլմը ունեցել է բուռն զարգացման ընթացք», - ասել է բեմադրիչը:

Ֆիլմի գաղափարը կյանքի կոչելու համար ստեղծագործական կազմը սկսել է համաֆինանսավորման արշավ, որին կարելի է միանալ Kickstarter.com կայքի միջոցով։

«Եթե ժամանակին Արցախի մասին ֆիլմերով փորձում էինք աշխարհին պատմել մեր մասին, հիմա նաև կարևոր է, որ պատմենք մեր հետագա սերնդին, երեխաներին», - շեշտել է նա։

Ֆիլմի սցենարի հեղինակը Նարինե Ոսկանյանն է: Նրա խոսքով՝ թեման նախևառաջ խաղաղությունն է, սակայն այդ խաղաղությանը հասնելու համար կարիք կա գտնելու ազգի ինքնությունը։

«Այդ մարդածին աղետները հենց ինքնությունը կորցնելու պատճառով են եղել, և մենք կարիք ունենք վերածնվելու, ու այդ վերածնունդը հենց Արցախից է լինելու», - նշել է սցենարի հեղինակը։

Ֆիլմի դերասանները դեռևս հայտնի չեն, սակայն ներգրավվելու են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի դերասաններ։ 

Աղբյուրը՝ arevelk.am