×

Կառավարությունը ավելացրել է գիտական ծրագրերի համար ֆինանսավորումը

08.04.2021

Գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի համար ֆինանսավորումն ավելացրեց 2 միլիարդ 785 միլիոն դրամով: Ավելացվող միջոցներն ուղղվելու են երկու ոլորտների՝ թեմատիկ գիտական հետազոտություններին և ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին։ 

«Այս որոշումը երկար քննարկումների արդյունք է, և մենք փորձում ենք, որ սա ոչ միայն լինի առանձին վերցրած որոշում, այլև գիտության շարունակական զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմներ գործարկվեն», - ասաց վարչապետը։

Սա գործընթացի առաջին փուլն է։ Գործընթացը շարունակվելու է։ Ծրագրի հեռանկարները ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը.

«Ասպիրանտից սկսած մինչև ինստիտուտի ղեկավար. բոլոր մակարդակներում վերանայվելու են աշխատավարձերը, որովհետև, համեմատած մյուս ոլորտների, գիտությունը, որպես այդպիսին, գրավչություն չունի։ Մենք միանշանակ կարողանալու ենք աշխատավարձերի վերանայման միջոցով գրավչությունը ավելացնել, ավելի շատ երիտասարդներ գնալու են դեպի գիտություն և հնարավորություն են ունենալու գիտությամբ զբաղվել ապրել և արարել», - ասաց փոխվարչապետը։ 

Վարչապետն արձանագրեց, որ կրթության բարեփոխման հարցում դրսևորել են քաղաքական կամք։ Կատարված փոփոխությունների շարքում նա առանձնացրեց ուսուցիչների որակավորման գործընթացը.

«Ոչ թե կառավարությունն է իրենց աշխատավարձը բարձրացնելու, այլ իրենք են բարձրացնելու, և այս տարվա նոյեմբերից, նախնական հաշվարկով, մոտ 1500 ուսուցիչ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանա», - ընդգծեց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կթությունը պետք է համապատասխանի այն տնտեսական ռազմավարությանը, որը կմշակվի՝ որակական նոր հարթություն դուրս գալու համար։