×

Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը 50 հազարանոց հայ համայնքի անունից կոչ է արել վարչապետին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

08.04.2021

Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը տեղի հայ համայնքի անունից բաց նամակով դիմել է վարչապետ Սկոտ Մորիսոնին և կոչ արել ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնախումբը հորդորել է վարչապետին հավատարիմ մնալ դեռևս 2011 թվականին խորհրդարանում ունեցած իր ելույթին, որտեղ նա հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից է, և կարևոր է, որ Ավստրալիան այն ճանաչի»։

Թեպետ որպես խորհրդարանական նա կողմ էր արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այնուամենայնիվ, 2018 թվականին վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա սկսել է հրաժարվել «ցեղասպանություն» եզրույթից ինչ-ինչ արտաքին ճնշումների պատճառով։

«Հիմա Ցեղասպանության ճանաչման ժամանակն է: Ավստրալիայում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ փոփոխվող քաղաքական մթնոլորտը և Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ միջազգայնորեն արվող դրական քայլերը ստիպում են մեզ հավատալ, որ հիմա է ժամանակը»,- ասված է նամակում:

Հիշեցնելով, որ Ամերիկան ևս այս հարցում դրական է տրամադրված՝ հանձնախմբի անդամներն ընդգծել են, որ հիմա է ճիշտ ժամանակը մերժելու Թուրքիայի սպառնալիքները։

«Ավստրալիայի 50 հազարանոց հայկական համայնքի անունից մենք կոչ ենք անում ձեզ 1915 թվականի դեպքերը պաշտոնապես կոչել իր անունով՝ Ցեղասպանություն»,- հայտարարել են հանձնախմբի ներկայացուցիչները։

Աղբյուր՝ armenpress.am