×

Հուշագիր` ՀՊՄՀ-ի և Մարսելի «Խաչատուր Աբովյան» վարժարանի միջև

08.04.2021

Մանկավարժական համալսարանի և Մարսելի «Խաչատուր Աբովյան» վարժարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Վարժարանը երկօրյա հայկական կրթօջախ է, ուր հաճախում են Մարսելի շուրջ 200 հայ աշակերտներ:

ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետը մի քանի անգամ հեռավար ձևաչափով հանդիպել է վարժարանի ուսուցիչներին, վերապատրաստել նրանց, ուղարկվել են դասադիտարկումներ, տրվել մեթոդական ցուցումներ` հայոց լեզուն իբրև երկրորդ լեզու դասավանդելու գործում:

Հուշագրի համաձայն` Մեծ Լուսավորչի անունը կրող կրթական երկու հաստատությունները կհամագործակցեն ակադեմիական, մշակութային և կրթական համագործակցությունը խթանելու նպատակով: Կողմերը կհամագործակցեն տեղեկատվության, գիտական նյութերի և տպագրությունների փոխանակման, ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի ամրապնդման, դասախոսական անձնակազմի հրավիրելու, համատեղ գիտահետազոտական գործունեության, կրթական ծրագրերի մշակման, կատարելագործման և ուսանողների պրակտիկայի կազմակերպման ոլորտներում:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ գաղթօջախների թվի ավելացմանը զուգահեռ պետք է քայլեր ձեռնարկվեն հայոց լեզվի և ազգային մշակույթի պահպանման համար:

«Մեր առաքելության մի մասը կարող ենք իրականացված համարել, եթե կարողանանք նպաստել, որ երեխաների ինչ-որ մասը կարողանա պահպանել լեզուն ու մշակույթը»,-նշեց ռեկտորն ու վարժարանի տնօրեն Կարեն Խուրշուդյանին խորհուրդ տվեց գործունեության ընթացքում շեշտադրել հայոց լեզվի, գրականության և մշակույթի դասավանդման կատարելագործումը:

Ռեկտորն ընդգծեց, որ ոչ միայն մանկավարժության, այլև մշակույթի ոլորտում բուհը կարող է առանձնակի օգտակար լինել` կապված դրա դասավանդման մեթոդիկայի հետ: Նա հույս հայտնեց, որ ամենատարբեր ձևաչափերով համագործակցությունը կունենա շոշափելի արդյունքներ և ժամանակի ընթացքում կընդլայնվի` ներառելով ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմին, այլև ուսանողներին:

Մարսելի «Խաչատուր Աբովյան» վարժարանի տնօրեն Կարեն Խուրշուդյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար և խոսեց այն խնդիրների մասին, որոնց առնչվում է դպրոցը: Հայկական երկօրյա դպրոցի առջև առաջին հերթին հայապահպանության խնդիրն է դրված, և այդ գործում տնօրենը կարևորում է հատկապես Մանկավարժական համալսարանի ներուժը` մեթոդական աջակցություն, վերապատրաստումներ, տպագրություններ և այլն:

Կարեն Խուրշուդյանը նշեց նաև, որ ունեն դպրոցն ընդլայնելու, այն ամենօրյա դարձնելու նպատակ և ծրագիր, ուստի պետք է հզորանալ` առաջին հերթին սկսելով մանկավարժների մասնագիտական որակների բարձրացումից:

Աղբյուր՝ aspu.am