×

Էստոնիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

08.04.2021

Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայիում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել, նրան կփոխարինի Արմեն Մարտիրոսյանը։ 

Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել հայ համայնքի հետ, ներկայացրել իր գործունեության շրջանում հայ-էստոնական հարաբերություններում արձանագրված առաջընթացը, իրականացված մշակութային միջոցառումները՝ բարձր գնահատելով այս ընթացքում հայկական համայնքի հետ հաստատված արդյունավետ և ամուր համագործակցությունը։

«Հայ համայնքն իր կազմակերպվածությամբ, համախմբվածությամբ և ներուժով մշտապես կանգնած է եղել ՀՀ դեսպանության կողքին, ինչը եղել է հաջողություն գրանցելու կարևոր գրավականներից մեկը», - ընդգծել է դեսպանը։

Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Տիգրան Մկրտչյանին կատարված աշխատանքի, Հայաստանը և հայ մշակույթն Էստոնիայում ներկայացնելու և հայ ու էստոնացի ժողովուրդների բարեկամությունը խնթանելու համար և հաջողություն մաղթեցին նրան իր հետագա գործունեության մեջ։

Դեսպանը նաև ներկայացրել է ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Էստոնիայի Հայկական Ազգային Միության աջակցությամբ տպագրության հանձնված Հովհաննես Թումանյանի հեքիաթների էստոներեն ժողովածուն։ Նա նշել է, որ Նաիրա Մուրադյանի նկարազարդումներով և Սոֆիա Պետրոսյանի թարգմանությամբ գրքի լույսընծայմամբ ամբողջանում է Հ․ Թումանյանի հեքիաթները բալթյան երկրների երեք լեզուներով՝ լիտվերենով, լատվերենով և էստոներենով թարգմանելու նախաձեռնությունը: Գիրքը լույս է տեսնում Տիգրան Մկրտչյանի և Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի` հատուկ էստոնական հրատարակության համար ներառված նախաբաններով։