×

Ամերիկան Հայաստանին հավելյալ 1 մլն դոլար է տրամադրել՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին

07.04.2021

ԱՄՆ կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով հավելյալ 1 մլն դոլար է տրամադրում` կորոնավիրուսի դեմ Հայաստանում պատվաստման գործընթացին աջակցելու համար:

Ըստ գործակալության տարածած հաղորդագրության՝ մինչ այժմ Հայաստանում համավարակի դեմ պայքարին ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը դառնում է $11 մլն-ից ավելի։

Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները հոգալու և ժողովրդավարական զարգացման ու տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային և երրորդային ազդեցությունները մեղմելու համար:

«Համաճարակի ամբողջ ընթացքում ԱՄՆ-ն գործակցել է Հայաստանի հետ՝ Covid-19-ի դեմ պայքարում: Այս նոր օժանդակության միջոցով մենք կշարունակենք աշխատել միասին` հաղթահարելու Covid-19-ը և նախապատրաստվելու հանրային առողջության հետագա սպառնալիքներին»,- հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Գործակալությունից հայտնում են նաև, որ համավարակի բռնկումից ի վեր ԱՄՆ-ն սերտորեն գործակցում է Հայաստանի հետ հանրային առողջության պահպանման համար՝ լաբորատոր կարողությունների ամրապնդման և ծանր դեպքերի կառավարման ֆինանսավորման, հիմնական սարքավորումների ապահովման, խոցելի տնային տնտեսությունների և երեխաների աջակցության, Հայաստանի կառավարության ճգնաժամային հաղորդակցության խթանման, արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքի ուժեղացման ուղղություններով։